Իլհամ Ալիևը տարածաշրջանային բռնապետ է. The American Interest

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը, օգտվելով այն հանգամանքից, որ Արևմուտքը զբաղված է «Իսլամական պետության» և ուկրաինական ճգնաժամի հարցերով, ավելի ընդլայնեց ճնշումները, հետապնդումները, սպառնալիքներն ու ձերբակալություններն այլախոհների նկատմամբ: Անգամ ԱՄՆ քաղաքացիներն ու հասարակական միջազգային կազմակերպությունները դարձան այս ճնշումների զոհը:

Aյս մասին գրում է The American Interest կայքը` նշելով, որ այս գործողությունները պատասխան են պահանջում:

Հոդվածի հեղինակները նշում են, որ Ադրբեջանի նախագահին պետք է ներառել տարածաշրջանային բռնապետների շարքում: «Արագ ձերբակալությունների շարքից հետո Ալիևի կառավարությունն այժմ բանտում պահում է շուրջ 100 քաղբանտարկյալների, ինչը կրկնակի ավել է, քան Ռուսաստանում ու Բելառուսում միասին վերցրած»,- գրում են հոդվածի հեղինակները: Թեպետ Արևմուտքը հանդես եկավ մի քանի քննադատական և մտահոգություն արտահայտող հայտարարություններով Ալիևի վարչակազմի հասցեին, և անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատեց երկրում հասարակական կազմակերպությունների նկա տմամբ իրականացվող քաղաքականությունը, այդուհադերձ դրանք որևէ դրական ազդեցություն չունեցան: Հոդվածի հեղինակները նշում են, որ ադրբեջանական իշխանություններին պատասխանատվության կանչելու լավագույն տարբերակը կլինի սեփական ժողովդրի նկատմամբ վատ վերաբերմունքի համար Ալիևի վարչակազմին տուգանելը: Լեյլա և Արիֆ Յունուսները, ովքեր մեղադրվում են հօգուտ Հայաստանի լրտեսություն անելու մեջ, Իլգար Նասիբովը, Թովֆիգ Յագուբլուն, Սաիդ Նուրին այդ քաղաքականությունից տուժած անձանց շարքում են:

Հետաքրքիր է, որ ցանկացած անհատ կամ կազմակերպություն, որը քննադատում է Ալիևին կամ քարոզում է ժողովրդավարություն, թշնամի է հայտարարվում: Իսկ Եվրախորհրդի և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից հնչող քննադատություններին Ադրբեջանը պատասխանեց իր նավթի հաշվին ստացվող գումարներով Արևմուտքում ընկերներ ու ազդեցություն գնելու միջոցով:

«Ադրբեջանական իշխանությունները շատ հաճախ պատճառաբանում են, որ իրենք դժվար տարածաշրջանում են ապրում` սեղմված Ռուսաստանի և Իրանի միջև, բացի այդ ունեն չկարգավորված հակամարտություն Հայաստանի հետ և դա հաշվի առնելով պետք է ներողամիտ լինել իրենց քաղաքականության նկատմամբ: Բայց աշխարհաքաղաքականությունը, այդուհանդերձ, պետք է Ադրբեջանին զերծ չպահի քննադատությունից իր քաղաքացիների և արևմտյան կազմակերպություններին որպես հանցագործ ընկալելու համար»,- գրում են հոդվածի հեղինակները: Նրանք նշում են, որ արդեն վաղուց ժամանակն է, որ 2012 թվականի Սերգեյ Մագնիտսկու օրինակով ԱՄՆ-ն էլ մի օրենք ընդունի Բաքվի համար` Օրենքի գերակայության և պատասխանատվության վերաբերյալ: Միաժամանակ ԱՄՆ պետդեպը պետք է զգուշացնի Ադրբեջան մեկնող իր քաղաքացիներին այնտեղ հնարավոր ճնշումների և ձերբակալությունների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում