Դինքի սպանության դատական գործում նոր զարգացումներ են տեղի ունեցել

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Սաբահ» պարբերականը, սպանության գործով իբրև կասկածյալ հարցաքննվել է հանցագործության ժամանակ Անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ռամազան Աքյուրեքը: Հարցաքննությունը տևել է շուրջ 4 ժամ:

Նախկինում ևս Աքյուրեքը Դինքի գործով կանչվել էր դատարան, սակայն հարցաքննվել էր որպես վկա:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման, սպանությունն իրագործած Օգյուն Սամասթին` հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ` 22,5 տարվա ազատազրկման: Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «ահաբեկչական զինված կազմակերպություն» կանգնած չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում