Սիրիական բանակը տարածքներ է ազատագրել Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում

Սիրիական բանակը հոկտեմբերի 3-ին վերահսկողություն է հաստատել Հալեպի հյուսիսում գտնվող Թել Սաբաթ, Հանդարաթ բնակավայրերի վրա՝ ոչնչացնելով տասնյակ զինյալների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, բանակը շրջապատել է Հանդարաթ ճամբարը: Կենտրոնական բանտի մերձակայքում թեժ բախումներ են ընթանում սիրիական բանակի և «Ջաբհա ան Նուսրա» և «Ջաբհա ալ Իսլամիա» խմբավորումների միջև:

Բանակը նաև հաջողություններ է գրանցել Համայի գյուղերում: Տասնյակ զինյալներ են սպանվել Լատամանա, Մուրա Քաֆրզիթա և Հաբիտ գյուղերում:

Ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ Դարաայի Բաջաբիջա թաղամասում և Հորդանան փողոցում բանակի ստորաբաժանումներից մեկը հարձակվել է զինյալների թաքստոցների վրա և լուրջ վնասներ պատճառել նրանց: Բախումներ են տեղի ունեցել նաև Դարաայի գյուղերում, ինչպես նաև Կունեյտրայի շրջանում և Հոմսի գյուղերում:

Սիրիական իշխանությունների տեղեկացմամբ, Սիրիայում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում են ավելի քան 80 երկրների վարձկաններ, որոնց թիվը գերազանցում է 100 հազարը: Եռամյա հակամարտության ընթացքում Սիրիայում զոհերի թիվը մոտենում է 200 հազարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում