ԱՄՆ-ն ողջունել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու Թուրքիայի որոշումը

Միացյալ Նահանգները գոհունակություն են հայտնել թուրքական մեջլիսում մանդատի ընդունման առիթով, որը թույլ կտա ռազմական գործողությունների դիմել Սիրիայում և Իրաքում իսլամիստ ահաբեկիչների նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Վաշինգտոնի տեսակետը հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին:

Նա հիշեցրել է, որ առաջիկայում իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում թուրք-ամերիկյան համագործակցության նպատակով Թուրքիա են ժամանելու թոշակի անցած գեներալ Ջոն Ալենը և նրա օգնական Բրեթ ՄքԳուրքը: «Բանակցությունները շարունակվելու են: Անելու ենք այնպես, որ համագործակցությունն ավելի ամրանա»,- նշել է Պսակին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է մանդատը, որը թույլ է տալիս զինված գործողություններ սկսել Սիրիայի և Իրաքի դեմ: Այս մասին,ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, հայտնել է «Անադոլու» գործակալությունը: Ներկա 396 պատգամավորներից 298-ը կողմ են քվեարկել կառավարության կողմից առաջադրված մանդատին, իսկ 98-ը` դեմ:

Մանդատին կողմ են արտահայտվել ոչ միայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, այլ նաև ընդդիմադիր կուսակցությունները:
Քվեարկությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում