Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք, պատերազմ թե՞ ահաբեկչության դեմ պայքար
Նմանատիպ
Թուրքիայի զինված ուժերը գրոհել են Սիրիայի տարածքի վրա: Այս մասին տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ը:
Համաձայն տարածած տեղեկատվության, օդ են բարձրացվել F-16 կործանիչները, իսկ այնուհետև կիրառվել է նաև հրանոթային տեխնիկա: Թուրք-սիրիական սահմանին կենտրոնացվել է նաև մեծ քանակությամբ տեխնիկա և զինվորներ:
Բնականաբար, թուրքական կողմն այս ամենը ներկայացնում է, որպես հարձակում Իսլամական պետության դիրքերի վրա, սակայն մինչ այս Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը կասկածների տեղիք է տալիս, որ Թուրքիայի նպատակն իսկապես ահաբեկչության դեմ պայքարն է:
Սիրիական կոնֆլիկտի ծագման ակունքներում կանգնած է նաև Թուրքիան, որն այս մի քանի տարիների ընթացքում բացահայտ կրկնել է, որ ցանկանում է տեսնել Բաշար Ասադի իշխանության տապալումը: Մեկ անգամ չէ, որ համաշխարհային մամուլում տեղ են գտնել հոդվածներ, որտեղ մերկացվում է Թուրքիայի իրական դեմքը: Մինչ այս Թուրքիան համարվել է Սիրիայի տարածքում կռվող ահաբեկիչներին հովանավորյալ պետություն, որը հենց այն բաց դուռն է, որտեղով ջիհադիստները մուտք են գործել ավերակների վերածված Սիրիա:
Բաշար Ասադի իշխանության տապալումը որպես առաջնահերություն ներկայացվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրերս խորհրդարանում կայացած վերջին ելույթի ժամանակ:
Ակնհայտ է այն, որ Թուրքիայի հիմնական նպատակը ոչ թե ԻԼԻՊ-ի դիրքերին հարված հասցնելն է, այլ Սիրիայի տարածք մուտք գործելը օրինականացնելն է:
Նույն կերպ վարվեցին նաև ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, որոնք փորձում են ավարտին հասցնել այն, ինչ չարեցին 2013թ-ի ամռանը: Այդ ժամանակ Բարաք Օբաման բավականին քաջություն չունեցավ ուղղակի հարձակվելու Սիրիայի վրա, սակայն մեկ տարի անց նա դա արեց հակաահբեկչական գործողությունների իրականացնելու պատրվակի ներքո:
Բացառված չէ, որ մեկ օր էլ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ավիահարվածները «պատահմամբ» ուղղված լինեն Ասադի և Սիրիայի պետական բանակի դիրքերին: Այն պետությունները, որոնք այդքան ժրաջանորեն հովանավորում ու սնում էին Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկիչներին, այսօր դարձել են համաշխարհային ոստիկաններ և փորձում են պատժել նրանց: Ակնհայտ է, որ իրենց ամեն հայտարարություն չէ, որ համընկնում է իրենց իրական նպատակների հետ: Բացի այդ չպետք է մոռանանք, որ Ասադի դեմ պայքարող իսլամական ուժերը ևս միատար չեն և դաշնակիցները շատ հնարավոր է փորձում են նախապատվությունը տալ պակաս ռադիկալներին:
Այս ամենի մեջ ակնհայտ է մի բան, ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան սանկցիայի առկայության հարձակվել են մեկ այլ պետության տարածքի վրա, իսկ Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու ներխուժել է Սիրիայի տարածք: Դե ինչ արաբական գարունը Սիրիայում նոր բողբոջներ է տալիս և ամենևին էլ չի մոտենում իր հանգուցալուծմանը:
Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում