Վրաստանը պատրաստ է վերանայել աբխազական երկաթուղու վերաբացման հարցը

Վրաստանի կառավարությունը պատրաստ է վերանայել Աբխազիայի տարածքով երկաթուղու վերաբացման հարցը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի  ռուս-վրացական հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ նշելով որ մինչ այս այդ ամենի վերաբերյալ խոսակցություն չի եղել:

Աբաշիձեն նշել է, որ եթե Մոսկվան ցանկանա խոսել այդ թեմայի շուրջ, վրացական կողմը կգործի՝ ելնելով պետական շահից: Աբաշիձեի խոսքերով, եթե ռուսական կողմին դա հետաքրքրում է, ապա նախաձեռնությամբ պետք է դիմի վրացական կողմին:

21 տարի առաջ վրաց-աբխազական պատերազմի հետևանքով փակվեց Հայաստան-Աբխազիա երկաթուղին, որը դարձավ Հայաստանի տնտեսական ճգնաժամի պատճառներից մեկը: Այս տարիներին բազմիցս են ջանքեր գործադրվել՝ վերկանգնելու այն:

Այդ նպատակով անգամ ստեղծվել էր Ռուսաստան-Վրաստան-Աբխազիա-Հայաստան կոնսորցիումը, որը պետք է մշակեր երկաթգծի տեխնիկատնտեսական վերականգնման ծրագիրը եւ լուծեր ներդրումների հարցը։ Սակայն Վրաստան-Ռուսաստան վատթարացող հարաբերությունների և Աբխազիայի անկախության ճանաչման հետ մեկտեղ օրակարգից դուրս է մղվում նաև այս հարցը: Սակայն Աբաշիձեի վերջին հայտարարությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում այս հարցը կրկին ակտուալացնելու համար:

Կարծում ենք, ճիշտ պահն է օգտվելու Վրաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունից և ամուր հող նախապատրաստել՝ ելնելով ստեղծված բարենպաստ դրությունից:

Աբխազական երկաթուղու բացումը փոխշահավետ է բոլոր կողմերի համար: Որպես այդպիսին, աբխազական գծի բացումը անգնահատելի կլինի նաեւ Հայաստանի համար։ Այն հնարավորություն կտա գոնե մասնակիորեն վերացնել քաղաքական խնդիրներով պայմանավորված, տարիներ շարունակ գոյություն ունեցող շրջափակումը։ Դրանով Հայաստանը հնարավորություն կունենա ուղիղ եւ համեմատաբար էժան երկաթուղային կապ ապահովել դեպի Ռուսաստան, որի հետ ունի ամենամեծ ապրանքաշրջանառությունը։

Որպեսզի պարզ լինի, թե խոսքը ինչ ծավալների մասին է, նշենք, որ այս տարվա առաջին երեք եռամսյակների արդյունքներով այն մոտենում է 1 մլրդ դոլարին։ Այլ կերպ ասած, կազմում է երկրի ընդհանուր ապրանքաշրջանառության գրեթե 25 տոկոսը։ Իհարկե աբխազական գծի գործարկումը չի սահմանափակվի միայն ապրանքափոխադրումների էժանացմամբ։ Դրա շնորհիվ հեռանկար է բացվում նաեւ հայկական երկաթուղու համար։

Դարձյալ վերակենդանանում է տարածաշրջանային երկաթուղային ցանց ստեղծելու հնարավորությունը։ Աբխազական երկաթուղու բացումը մեծացնում է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նկատմամբ հետաքրքրությունը։ Եթե մինչ այդ որոշակի կասկածներ կային այս նախագծի տնտեսական հիմնավորվածության առումով, ապա այս նախաձեռնությամբ դրանք վերանում են։ Աբխազական հատվածի բացման պայմաններում այն դառնում է շատ ավելի արդյունավետ աշխատող հանգույց։

Երկաթուղու աբխազական հատվածի բացումը շահավետ է նաև Վրաստանի համար, որը գիտակցվում է նրանց կողմից: Վրաց քաղաքական գործիչ Պ.Զաքարեիշվիլին այս կապակցությամբ նշում է. «Մենք պետք է նպաստենք Աբխազիայի միջոցով տրանսպորտային շարժին, ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային։ Մենք պարտավոր ենք բացառել քաղաքական ենթատեքստը եւ խնդիրը դիտել բացառապես տնտեսական տեսանկյունից»: Նրա կարծիքով, Վրաստանի իշխանությունը ժամանակին սխալ մոտեցում է ցուցաբերել այս հարցում՝ երկաթուղու բացման խնդիրը մշտապես կապելով վրաց փախստականներին Աբխազիա վերադարձնելու հետ։ Մինչդեռ հենց սկզբից պարզ էր, որ դա «իրատեսական» չէ։ Եվ պատահական չէ, որ դրանով «Վրաստանը ոչնչի չհասավ, նույնիսկ մեկ փախստական չվերադարձավ»։

 Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում