Նալբանդյանն ու Ֆաբիուսը կքննարկեն ԼՂ հարցով եռակողմ հանդիպման կազմակերպման հարցեր

Հայաստանի արտագործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 7-ին կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆրանսիայի ԱԳ և միջազգային զարգացման նախարարությունից, քննարկվելիք հարցերի թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկա զարգացումներն են: «Մայիսին Բաքու և Երևան կատարած այցի ժամանակ Նախագահը (Ֆրանսուա Օլանդ-խմբ.) հայ և ադրբեջանցի իր գործընկերներին առաջարկեց հանդիպում կազմակերպել Փարիզում քննարկելու հակամարտության հնարավոր լուծումները: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Այն կլինի նախարարներ Ֆաբիուսի և Նալբանդյանի միջև քննարկվելիք թեմաներից մեկը»,- հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է նախարարության մամուլի խոսնակը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու հանդիպում է տեղի ունեցել: Առաջինն օգոստոսի 10-ին Սոչիում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, երկրորդը` սեպտեմբերի 4-ին Ուելսում` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ: Նախատեսվում է երրորդ հանդիպումը հոկտեմբերի վերջին երրորդ համանախագահող երկրի` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջորդությամբ Փարիզում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում