Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարը զղջում է «Թվիթեր»-ն արգելափակելու համար

Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Վոլքար Բոզքըրը քննադատել է «Թվիթեր»-ն արգելափակելու վերաբերյալ թուրքական իշխանությունների որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet Daily News-ը:

«Երանի Թուրքիան «Թվիթեր»-ը չարգելափակեր: Դա սխալ որոշում էր: Միևնույն է, բոլորը կարողանում էին այլ ճանապարհով մուտք գործել սոցցանց: Այժմ մենք փորձում ենք փոխել սխալ ընկալումը Թուրքիայի վերաբերյալ»,- ասել է նախարարը, ում համոզմամբ` համացանցի արգելափակումը զգալիորեն վնասել է Թուրքիայի հեղինակությանն աշխարհում:

Թուրքիայում 2014 թվականի մարտի 20-ին «Թվիթեր»-ն արգելափակվել էր: Թուրքիայի հեռահաղորդակցության վարչությունը հայտարարել էր, թե սոցցանցի արգելափակման մասին որոշումը կայացվել էր համաձայն քաղաքացիների բողոքի: Սակայն ոչ կառավարական լրատվամիջոցները շտապել էին հայտնել, որ նման որոշման հեղինակը Էրդողանն է, ով նախօրեին հանրահավաքի ժամանակ հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր` բոլորը հիմքից արմատախիլ ենք անելու: Մեզ չի հուզում, թե արտաքին աշխարհն այսպես կամ այնպես կասի»: Ապրիլի 3-ին «Թվիթեր»-ի արգելափակումը հանվել էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում