Փոխոստիկանապետ. «Մոմավառությունը չպետք է վերածվի ագրեսիայի, ամբոխավարության, ամենաթողության, ինքնադատաստանի կոչերի և քաոսի»
Նմանատիպ
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, վաղը` ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան յոթնօրեքին, ժամը 21:00-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի կունենա բժշկի հիշատակին նվիրված մոմավառություն: Այս մասին հայտարարությամբ հանդես էր եկել «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը:
Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը (հանրությանը առավել հայտնի «Բազազ» մականունով) ակցիայի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.
«Մարդկային կորուստ, սուգ, մոմավառություն… Մի խորհուրդ, որը պահանջում է լուռ, վեհ, սրբագործված մի շփում, որը երբեք ու երբեք չպետք է վերածվի ագրեսիայի, ամբոխավարության, ամենաթողության, ինքնադատաստանի կոչերի և քաոսի: Դուք պատկերացնու՞մ եք եկեղեցում, մոմավառության, սուրբ պատարագի ժամանակ նման իրավիճակ:
Ես տարբերություն չեմ տեսնում, թե մոմավառությունը որտեղ է կատարվում և ամենևին էլ պետք չէ մարդկային կերպարանքը կորցրած ղժժալ, սպառնալ, հարձակվել ոստիկանների վրա, փորձել բարոյականության դասեր տալ նրանց: Ոտնակոխ անելով մոմավառության՝ խոնարհումի ու աղոթքի խորհուրդը, այն դարձնել միտինգ և «Խաթաբալայի» վարձու լացողների ոճով շոու սարքել…
Մարդկային կորուստ, սուգ, աղոթք, խոնարհում, մոմավառություն… Քրիստոնեաբար աղոթենք բոլորս, մեզ պահենք աստվածահաճո, աղոթենք առ Աստված և ներում հայցենք բոլորս մեր մեղքերի թողության համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում