Միգրացիոն նոր օրենքն առաջին հերթին վնասում է Վրաստանին. ընտրազանգված են կորցնելու.փորձագետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ հանդիպմանն անդրադարձել է  Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ անհրաժեշտ համարելով հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գեւորգ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման եւ պահպանության գործում: Ավելին, արդեն վրաց գործընկերոջ հետ հանդիպմանն առաջարկել է վերադառնալ 2012 թվականի պայմանավորվածությանը, որը վերաբերում է մշակութային կոթողների պահպանման հարցերով  հանձնաժողովի ստեղծմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Վերջինը նշեց, որ ՀՀ խորհրդարանի ղեկավարի այցի ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես Ջավախքի, այնպես էլ Վրաստանի միգրացիոն նոր օրենքից բխող  խնդիրներին: Ի դեպ, այս օրենքի ընդունումը ԵՄ ասոցացման համաձայնագրի պահանջների շրջանակում է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝  առանց մուտքի արտոնագրի Վրաստան կարող են այցելել այն երկրի քաղաքացիները, որոնց հետ Վրաստանն ունի ազատ վիզային ռեժիմ: Դա, ըստ էության, վերաբերում է նաև Հայաստանի քաղաքացիներին, քանի որ մենք այդ երկրի հետ ունենք համապատասխան վիզային ռեժիմի պայմանավորվածություն: Սակայն Հայաստանի քաղաքացիները, ինպես նաև ազատ վիզային ռեժիմով Վրաստան ելումուտ անող մնացած քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Վրաստան, բայց նախկին 180 օրվա փոխարեն պետք է մնան 90 օր: Այսինքն՝ աշխատանքային այցերի, հարազատաներին այցելություն, գործնական հանդիպումների և Վրաստանում հանգստի մեկնելու համար վիզա անհրաժեշտ չէ:

Իսկ նրանք, ովքեր Վրաստան են այցելում ավելի երկար ժամանակով՝ կրթություն ստանալու, աշխատելու կամ ընտանիքին միանալու նպատակով, նրանց համար կգործի վիզային նոր ռեժիմը։ Այդպիսի քաղաքացիները պետք է դիմեն իրենց երկրում գտնվող Վրաստանի դեսպանություն՝ վիզա ստանալու համար, որի հիման վրա նրանց կտրվի Վրաստանում կեցության իրավունք, որն իր հերթին կարող է լինել ժամանակավոր (1-ից մինչև 6 տարի ժամանակով) և մշտական:

«Խնդիրներ են առաջացել մեր հայրենակիցների հետ, ովքեր Հայաստանի քաղաքացիություն են ձեռք բերելով ժամանակին Սահակաշվիլիի օրոք զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից: Ներկա պահին նրանք  պետք է ստանան կացության քարտ և Վրաստանում ժամանակավոր ապրեն: Իսկ  ՀՀ քաղաքացիրները, ովքեր Վրաստանում էին ապրում պետք է վերադառնան Հայաստան, ձեռք բերեն միգրացիոն վիզա և նոր միայն  հնարավորություն ստանան Վրաստանում բնակվելու»,-լրացրեց փորձագետը՝ նկատելով, որ այս օրենքի ընդունումը չհաշվարկված քայլ էր և վնաս է հասցնում առաջին հերթին Վրաստանին կամ նրանց քաղաքական էլիտային, քանի որ ընտրազանգված կորցնելու  խնդրի առաջ են կանգնելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում