«Թանգարան և քաղաքականություն» միջազգային գիտաժողովում Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել զեկույցով

Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերին կայացել է «Թանգարան և քաղաքականություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին Թանագարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) երեք ազգային կոմիտեները` ԻԿՕՄ Ռուսաստանը, ԻԿՕՄ Գերմանիան, ԻԿՕՄ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Գիտաժողովին մասնակցել է ավելի քան 300 թանգարանային մասնագետ աշխարհի 30 երկրներից: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանից գիտաժողովին մասնակցել է ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեի անդամ, Մատենադարանի թանգարանային համալիրի գիտացուցադրական հայեցակարգի և մոնիթորինգի մասնագետ, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ Վարսիկ Սարգսյանը:

Հայաստանյան մասնակիցը ընդգրկված է եղել «Պատմության կնճռոտ հարցերը» բաժնում և հանդես է եկել «Պատմության վերակերտումը թանգարանային տարածությունում» խորագիրը կրող զեկույցով:

Գիտաժողովի պլենար նիստին ելույթ են ունեցել նաև Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, Թանգարանների միջազգային խորհրդի նախագահ Հանս Մարտին Հինզը, ԻԿՕՄ Ռուսաստանի նախագահ, Մշակույթի և արվեստի գծով ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Տոլստոյը և թանգարանային ոլորտի ականավոր այլ գործիչներ ու մասնագետներ: Գիտաժողովին մասնակիցները ներկայացրել են իրենց զեկույցները թեմատիկ 4 բաժիններում` «Թանգարանը և արտաքին քաղաքականությունը», «Թանգարանը և հասարակության զարգացումը», «Թանգարանը և պատմության կնճռոտ հարցերը», «Թանգարանը և ներքին քաղաքականությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում