Երուսաղեմի հայկական թաղամասը քանդվելու վտանգի առաջ է․ BBC
Նմանատիպ
Երուսաղեմի հայերը վրդովված են. Հին քաղաքի տարածքում նախատեսվում է կառուցել էլիտար շենքեր։
Օրերս հայտնի է դարձել որ Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մոտ մեկ քառորդը 99 տարով վարձակալության է տրվել հրեական ծագումով ավստրալացի մի գործարարի։ Ըստ տեղեկությունների՝ այդ տարածքում նա պատրաստվում է կառուցել էլիտար շենքեր։
Ի նշան բողոքի՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքության սուրբ հայրերը լռության քայլերթ էին կազմակերպել՝ դեպի Սուրբ Հարության տաճար՝ աղոթքի։
Հայկական եկեղեցին մասնաբաժին ունի Երուսաղեմի պատմական վայրերում, իսկ Հին քաղաքի պարիսպների ներսում՝ նրա հարավ-արևմտյան մասում, կա մի ամբողջ հայկական թաղամաս՝ մոտ 2 հազար բնակչով։
Հայերը Երուսաղեմում են 4-րդ դարից, իսկ այդ տարածքը «պատմական հող է, որը մեզ է պատկանում 700 տարի: Մեկ ստորագրության պատճառով այն կորցնելը կազդի մեր մշակույթի և առօրյա կյանքի վրա»,- BBC-ի հետ զրույցում ասել է հասարակական ակտիվիստ Հակոբ Ջերնազյանը։
Երուսաղեմի հայ համայնքն անհանգստացած է անշարժ գույքի գործարքի մասին հաղորդումներով, որն իբրև թե կատարվել է իրենց իսկ եկեղեցու ղեկավարության կողմից:
«Այս ամենը նման է գլուխկոտրուկի։ Մենք փորձում ենք հստակ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, երբ և ինչպես»,- հավելել է Հ․ Ջերնազյանը։
Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրխան Մանուկյանը խոստովանել է, որ ստորագրել է հողի վարձակալության պայմանագիր, սակայն ասել է, որ իր ենթակայի՝ տեղի եկեղեցու քահանայի խաբեության զոհն է դարձել։
Արդյունքում քահանան պաշտոնանկ է արվել և վտարվել հայկական թաղամասից։
Տեղեկությունների համաձայն՝ հայկական եկեղեցու առաջնորդն ապաստանել է իր նստավայրում, իսկ խարդախության մեջ կասկածվող քահանան փախել է Կալիֆորնիա։
Երուսաղեմից վտարված Բարեթ քահանա Երեցյանը հարցազրույց է տվել տեղի լրագրողներին. նա կտրականապես հերքում է իրեն վերագրվող մեղադրանքները։
Իսրայելի ԱԳՆ-ն արձագանքել է տեղի ունեցող իրադարձություններին և հայտնել, որ տեղյակ է Հայոց պատրիարքի գործարքի մասին, սակայն հրաժարվում է մեկնաբանություններից՝ քաղաքական զգայունության պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում