Ադրբեջանում գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը փոխանցվել է Հայաստանին

Ադրբեջանում գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը փոխանցվել է Հայաստանին

Ադրբեջանում գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը փոխանցվել է Հայաստանին: Այս մասին, հղվելով ադրբեջանական լրատվամիջոցներին, տեղեկացնում է Tert.am-ը:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովին հղումով հայտնել էր, որ մարմնի փոխանցումը կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի տարածքում:

ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Tert.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը՝ նշելով, որ ԿԽՄԿ-ի անկախ միջնորդությամբ Ադրբեջանի իշխանություններն այսօր փոխանցել են Հայաստանի քաղաքացու դիակը հայկական իշխանություններին:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Արտուշի Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին, Ադրբեջանի Աղբուլաղ գյուղում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաջորդ օրը տեղեկություն էր տարածել, որ նախօրեին գերեվարված Կարեն Պետրոսյանը «հանկարծամահ է եղել»:

2014թ. սեպտեմբերի 10-ին Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում