Արցախը կարևորում է տարբեր երկրների գիտական շրջանակների հետ կապերի հաստատումը

Արցախը կարևորում է տարբեր երկրների գիտական շրջանակների հետ կապերի հաստատումը

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է նախօրեին Երեւանում իր աշխատանքներն ավարտած Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության գիտաժողովի մոտ հինգ տասնյակ մասնակիցների: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է նրանց այցելությունը հանրապետություն՝ ընդգծելով հայագիտական ուսումնասիրություններում Արցախի դերն ու նշանակությունը:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր երկրների գիտական շրջանակների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը՝ այն համարելով գիտամշակութային հարաբերությունների զարգացման առանցքային ուղղություններից մեկը:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում