Հալեպը հոսանքազրկված է

Հալեպը հոսանքազրկված է

 Հայաշատ Հալեպն արդեն մի քանի օր հոսանքազրկված է, քաղաքը խավարի մեջ է: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը: Էլեկտրականության բացակայության պատճառով քաղաքում նաև ջրի տագնապ է: Ժողովուրդն օգտվում է հորերից, ամբարած ջրերից: Ինքնաբերաբար բարձրացել են գազի, մազութի և բենզինի գները: Ժողովրդին մտահոգում է վառելանյութի գների բարձրացումը, ինչը ջեռուցման խնդիրների առջև կկանգնեցնի ձմռանը:

Ինչ վերաբերում է քաղաքում ընթացող բախումներին, աղբյուրը տեղեկացրեց, որ որոշ շրջաններում իրավիճակը հանգիստ է, որոշներում բախումները շարունակվում են: Հայաշատ Նոր Գյուղ թաղամասում վերջերս իրավիճակն ավելի հանգիստ է, չնայած երբեմն ռումբեր են ընկնում: Բնակիչները շարունակում են անորոշության և վախի զգացումով ապրել:

Հացի սուր տագնապ քաղաքում չի նկատվում, այժմ ավելի հեշտ է հաց ձեռք բերել:

Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ:  Թաղամասում ընկած հրթիռները, մարդկային կորուստներից բացի, նյութական սարսափելի վնասներ են պատճառել: Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում