Իրանը համաձայն է նավթի համաշխարհային գների անկմանը

Իրանը համաձայն է նավթի համաշխարհային գների անկմանը

Նավթարդյունահանող երկրների կազմակերպության ՕՊԵԿ-ի անդամ հանդիսացող Իրանը, որն ավանդաբար հանդես էր գալիս նավթի գինը մեկ բարելի դիմաց 100 դոլարի շրջանակներում պահելու դիրքերից, փոխել է իր դիրքորոշումը՝ հայտնելով, որ դեմ չէ նավթի գների անկմանը: Այս մասին տեղեկացնում Ռոյթերս գործակալությունը:

Իրանը ՕՊԵԿ-ի շրջանակներում երրորդ տեղն է զբաղեցնում նավթարդյունաբերության ծավալներով և նրա բյուջեն մեծապես կախված է նավթի արտահանումից: Այդ պատճառով էլ այս երկիրը սովորաբար առաջինն է հանդես գալիս նավթի համաշխարհային գների անկման դեմ: Սակայն այս անգամ ՕՊԵԿ-ի շրջանակներում Իրանի կողմից բողոքներ չեն եղել:

«Տարվա այս ժամանակահատվածում գների իջեցումը նորմալ է: Գների իջեցումը փոխհատուցվում է դոլարի թանկացմամբ»- Ռոյթերսի թղթակցի հետ զրույցում նշել է Իրանի նավթային ոլորտին ծանոթ քաղաքական գործիչը:

Իրանի նավթարդյունաբերութւյան հարցերի փոխնախարարը երեքշաբթի կարծիք է հայտնել, որ գների իջեցումը կարճաժամկետ է լինելու: Իրանի ազգային նավթային ընկերության ղեկավար Ռոկնեդդին Ջավադին նշել է, որ նավթի գների իջեցումը չի ազդի երկրի բյուջեի վրա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում