Պրիգոժինը շարունակում է հետաքննության տակ մնալ. Коммерсантъ

Պրիգոժինը շարունակում է հետաքննության տակ մնալ. Коммерсантъ

Հունիսի 26-ի դրությամբ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործը, որի գլխավոր գործող անձը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինն է, չի դադարեցվել և հետաքննվում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության քննչական վարչության քննիչի կողմից։

Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Այն նախաձեռնվել է հունիսի 23-ին, իսկ Պրիգոժինի նկատմամբ քրեական հետապնդումն առաջիկայում դադարեցնելու մասին հայտարարվել էր նրա և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո։ Բանակցությունների արդյունքում «Վագներ»-ի ուժերը դադարեցրել են երթը դեպի Մոսկվա, հեռացել օկուպացված Դոնի Ռոստովից և վերադարձել իրենց դաշտային ճամբարները։

Աղբյուրը գրում է, որ հունիսի 25-ին որոշ լրատվամիջոցներ և տելեգրամյան ալիքներ հայտնել են, որ ՌԴ Գլխավոր դատախազությունը, որը նախկինում ապստամբության գործ հարուցելու մասին ԱԴԾ քննիչի որոշումը օրինական և արդարացված էր ճանաչել, չեղյալ է համարել այս որոշումը, հետևաբար Պրիգոժինի քրեական հետապնդումը նույնպես դադարեցվել է:

Սակայն kommersant.ru-ի՝ վերահսկող գերատեսչության աղբյուրը հայտնել է, որ քրեական գործ հարուցելու որոշումը դեռ չի չեղարկվել, և ապստամբության հետաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում