Մարտակերտի ազատագրումը. Օրացույցի հերոսական օրերից
Նմանատիպ
1993-ի հունիսի 26-ն էր: Քարվաճառ-Բերձոր հատվածում ադրբեջանական հրոսակախմբերին ջախջախիչ պարտության ու նահանջի մատնելուց հետո հայկական կողմը ձեռնամուխ եղավ Մարտակերտի ազատագրման օպերացիայի մեկնարկին: Հապաղելու ժամանակ չկար, հետևաբար ուժերի մոբիլիզացին ու վերախմբավորումը ՊԲ հրամանատարությունը կատարեց անհապաղ: Պլանավորված էր միաժամանակյա հակահարձակում մի քանի ուղղություններով:
Ադրբեջանական կողմն արդեն հնարավորինս մաշված վիճակում էր, հայկական կողմն էլ հոգնած, բայց ոգևորված: Հայրենիքն ազատագրելու հնարավորությունն ու գրանցած հաջողությունները չեզոքացնում էին հոգնածությունը:
Մերոնք Մարտակերտ-Ակնա ճանապարհը վերահսկողության տակ էին առել՝ ադրբեջանական երկու զորախմբերն իրարից կտրելով: Սակայն շրջկենտրոն Մարտակերտը դեռ օկուպացված էր թշնամու կողմից: Թշնամին, այդուհանդերձ, շարունակում էր քանակական ճնշող առավելություն ունենալ մերոնց նկատմամբ:
Առհասարակ, 1993-ի հունիսը շատ հերոսական, բայց միևնույն ժամանակ ծանր ամիս էր հայերի համար: Այդ շրջանում մարտերում հերոսաբար ընկան Մարտունու ՊՇ հրամանատար Մոնթե Մելքոնյանը (հունիսի 12), իսկ բուն Մարտակերտի ՊՇ հրամանատարներից Կարո Քահքեջյանը (հունիսի 26):
Թվում էր՝ հայկական կողմը պետք է հուսահատվի ու բարոյալքվի լեգենդար հրամանատարների կորստից, բայց դա միայն ավելի ամրապնդեց ու միավորեց մերոնց: Այսպիսով, հայկական կողմի ինքնամոռաց ու հերոսական ճնշմանը չդիմանալով՝ ադրբեջանական զինուժը նահանջեց Մարտակերտից:
Մարտակերտի ազատագրումը հերթական շոկն էր մեր թշնամու համար: Թիկունքում բողոքի ահռելի ալիք ու հակաիշխանական ցույցեր էին ընթանում: Ադրբեջանում չէին պատկերացնում՝ ինչպես կարելի է կորցնել Արցախը, ջախջախվել այդքան փոքրաթիվ զորախմբերի կողմից ու այդչափ անպատվաբեր ձևով պարտվել:
Մեկ ամիս անց էլ հայկական ուժերն ազատագրեցին Ակնան՝ ստիպելով ուժերի մեծությամբ հպարտացող թշնամուն հաշվի նստել մեզ հետ, ընդունել պարտությունն ու բանակցություններ սկսել հայկական կողմի հետ՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ:
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում