Սննդային հավելումների ուժը․ չվերահսկվող շուկա

Սննդային հավելումների ուժը․ չվերահսկվող շուկա

Չնայած դեղագործական շուկայում անորակ սննդային հավելումների խնդիրն առկա է վաղուց, բայց միայն վերջին տարիներին է, որ տարբեր կազմակերպություններ սկսել են բարձրաձայնել դրանց մասին։

Սննդային հավելումների արտադրության և շրջանառության նկատմամբ վերահսկողություն գրեթե չկա։ Այս է պատճառը, որ շուկայում հայտնվել է ապօրինի արտադրանքի մեծ քանակություն։

Հատկապես վերջին տարիներին սննդային հավելումները թրենդային են դարձել։ Առողջության բարելավման, արտաքին տեսքի, կազմվածքի կատարելագործման համար մարդիկ հաճախ օգտագործում են հավելումներ՝ վստահ լինելով, որ դրանք պետք է լուծեն բոլոր խնդիրները։

Սակայն սննդային հավելումները միշտ չէ, որ կարող են օգնել, փոխարենը կարող են վնաս հասցնել օրգանիզմին։

«Գործարար Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ և զգուշացրել, որ շուկան լի է կեղծ արտադրանքներով, որոնք կարող են պարունակել արգելված, հզոր ազդեցությամբ նյութեր:

Կազմակերպության մասնագետը «Իզվեստիային» տված հարցազրույցում նշել է․ «Մենք տեսնում ենք, որ այսօր մեծ քանակությամբ ապրանքներ վաճառվում են առանց պետական ​​գրանցման վկայականների, ինչը Ռուսաստանի Դաշնության օրենսդրության խախտում է»։

Առանց պետական ​​գրանցման վկայականների հավելումների վաճառքի վտանգը կայանում է նրանում, որ դրանք հաճախ պարունակում են դեղերին համարժեք չափաբաժիններ, ունեն կասկածելի որակ և ծագում։ Լինում են նաև դեպքեր, երբ դեղերը վաճառվում են սննդային հավելումների անվան տակ։

Ըստ Պետդումայի պատգամավոր Եվգենի Նիֆանտիևի՝ COVID-19-ի ժամանակ «Արեպլեվիրը», որը հակավիրուսային դեղամիջոց է, ներկայացվել է որպես սննդային հավելում, և դրա նկարագրության մեջ գրված է եղել, որ այն 100 տոկոսանոց վիտամին է։

«Սննդի համար սննդային հավելումներ արտադրողների միության» գործադիր տնօրեն Ալեքսանդր Ժեստկովը հարցազրույցում ասել է, որ անկախ այն բանից՝ ինչ ենք ընդունում՝ դիետիկ հավելումներ, սպորտային սնուցում կամ որևէ սննդամթերք, պետք է զգույշ և ուշադիր լինել։ Այսինքն՝ վստահ լինել, թե ինչ ենք օգտագործում։

Մասնագետների խոսքով՝ Ռուսաստանում սննդային հավելումների շուկայի տարեկան ծավալը կազմում է մոտ 130 միլիարդ ռուբլի։ Այս հսկայական շրջանառության մեջ իշխնությունների գլխավոր խնդիրն է պաշտպանել ինչպես գնորդներին անորակ ապրանքներից, այնպես էլ արտադրողներին անբարեխիղճ մրցակցությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում