Համաշխարհային բանկը Ուկրաինային 1,5 միլիարդ դոլարի վարկ կտրամադրի

Համաշխարհային բանկը Ուկրաինային 1,5 միլիարդ դոլարի վարկ կտրամադրի

Համաշխարհային բանկը (ՀԲ) գրեթե սպառել է Ուկրաինային օգնելու միջոցները: Այսպես է հունիսի 30-ին ՀԲ-ն մեկնաբանել Ուկրաինային վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումը։

Ֆինանսական կազմակերպությունը հայտնել է, որ Ուկրաինային 1,5 միլիարդ դոլարի վարկը կտրվի Ճապոնիայի երաշխավորմամբ։ Բանկի ներկայացուցիչների խոսքով՝ որոշման պատճառը ոչ միայն բանկի սեփական միջոցների սպառվելն է, այլև Ուկրաինայի տնտեսական վիճակի հետ կապված լուրջ ռիսկերը։

«ՏԱՍՍ»-ը հիշեցրել է, որ ապրիլին S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ուկրաինայի երկարաժամկետ վարկային վարկանիշը CCC+-ից մինչև CCC՝ բացասական կանխատեսմամբ։ Իսկ արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ անցյալ տարի Ուկրաինայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 30,3%-ով։

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը ապրիլի դրությամբ կարողացել է ավելի քան 24 միլիարդ դոլար մոբիլիզացնել Ուկրաինային օգնելու համար։ Միջոցների մոտ 90%-ը դրամաշնորհներ և սուվերեն երաշխիքներ են այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԵՄ երկրները։

Ֆինանսավորումն ուղղվում է միայն քաղաքացիական ծախսերին, որոնք ներառում են կենսաթոշակների, նպաստների և բուժաշխատողների և շտապ օգնության ծառայությունների աշխատավարձերի վճարումները։ Համաշխարհային բանկը միջնորդ է հանդիսանում, որպեսզի տրամադրվող միջոցները կիրառվեն ըստ նախնական պայմանավորվածության։ Սրանով զբաղվում է ՀԲ Ներքին աուդիտի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում