Պատմության մեջ այս օրը․ Հուլիսի 11
Նմանատիպ
Հուլիսի 11-ը պատմության մեջ նշանավորվում է մի շարք իրադարձություններով։ Դրանց մեջ կան և՛ ողբերգական դեպքեր, և՛ հաղթական ու տոնական պահեր։ Times-ը ներկայացնում է դրանցից կարևորները։
Շոկոլադի միջազգային օրը
Աշխարհում հուլիսի 11-ին նշվում է շոկոլադի միջազգային օրը․ այն ընդունվել է 1995 թվականին և առաջին անգամ անցկացվել Ֆրանսիայում։ Շոկոլադի դերը մարդկանց կյանքում այսօր անփոխարինելի է։ Դժվար է պատկերացնել կյանքն առանց շոկոլադի։ Բայց «Հին աշխարհի» մարդիկ շոկոլադի գոյության մասին իմացել են միայն միջնադարում, երբ իսպանացի կոնկիստադորները գրավել են Ացտեկների պետությունն ու բացահայտել Կակաոն։
Պարզվում է՝ Ացտեկները շոկոլադից խմիչքներ են պատրաստել դեռևս մ․թ․ա․ 1900-ական թվականներին։ Այսօր աշխարհում սպառվող շոկոլադի մոտ 60 տոկոսն արտադրվում է աֆրիկական Կոտ դ’Իվուարում և Գանայում։ Այստեղ մոտ 2 միլիոն երեխա թրաֆիկինգի է ենթարկվում՝ ստիպողաբար աշխատելով կակաոյի պլանտացիաներում։
Սրեբրենիցայի կոտորած
Բոսնիա-Հերցեգովինայում այսօր Սրեբրենիցայի ցեղասպանության 28-րդ տարելիցն է:
1995 թվականի ամռանը Սրեբրենիցայում ՄԱԿ-ի խաղաղապահների պաշտպանության ներքո ապաստանել են մոտ 40 հազար բոսնիացի մահմեդականներ: Շրջանը պաշարած բոսնիացի սերբերի ուժերը գլխավորել է գեներալ Ռատկո Մլադիչը:
1995 թվականի հուլիսի 11-ին գրավելով Սրեբրենիցան, սերբական ուժերը փախստականների շարքերից առանձնացել են մոտ 8 հազար տղամարդկանց և տղաների: Կանանց և երեխաներին ավտոբուսներով ուղարկել են Բոսնիայի բանակի հսկողության տակ գտնվող շրջան, իսկ արական սեռի ներկայացուցիչներին գնդակահարել և թաղել են զանգվածային գերեզմաններում:
Պատերազմից հետո նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային քրեական դատարանը քննել է մի շարք սերբ և խորվաթ պետական ու զինվորական գործիչների գործերը և նրանցից շատերին երկարատև ազատազրկման է դատապարտել: Գեներալ Մլադիչի համար դատարանը պատիժ է ընտրել ցմահ ազատազրկումը:
Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ-Գործարանային» հատվածի բացումը
1983թ-ին բացվեց Երևանի Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ-Գործարանային» հատվածը։ Երևանի Մետրոպոլիտենի վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.-ին։ Մետրոն 1990-ականների սկզբի ճգնաժամի ընթացքում հասարակական տրանսպորտի միակ տեսակն էր, որ չէր դադարեցրել իր աշխատանքը։
Ի սկզբանե Երևանի մետրոն պետք է ունենար 38 կայարան` 10 գծերի միջոցով իրար կապելով մայրաքաղաքի գրեթե բոլոր թաղամասերը, սակայն նախագիծը հնարավոր չի եղել կյանքի կոչել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վրա հասած տնտեսական ճգնաժամի պատճառով։
«Կարմիր Ֆուրիայի» տրիումֆը
2010թ-ին Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Հարավային Աֆրիկայում անցկացվող աշխարհի առաջնության ժամանակ պատմության մեջ առաջին և դեռևս միակ անգամ դարձավ չեմպիոն։ Իսպանիայի անհավանական ուժեղ հավաքականը՝ «Կարմիր ֆուրիան», եզրափակիչում հաղթեց շատ ուժեղ մրցակցի՝ Նիդերլանդների հավաքականին։ Հաղթական միակ գոլը հանդիպման լրացուցիչ ժամանակում խփեց իսպանական ֆուտբոլի լեգենդ Անդրես Ինիեստան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում