Նար-Դոս․ Հայ գրականության ծաղիկը

Նար-Դոս․ Հայ գրականության ծաղիկը

Առաջին անգամ հայ ընթերցողը Նար-Դոսին ծանոթանում է դպրոցական տարիներին։ Նա անջնջելի տպավորություն է թողնում և յուրատեսակ բանալի տալիս հայ գրականություն մուտք գործելու համար։

Նար-Դոսը հայ գրականության մեջ մարդկային ալեկոծ հոգու, կրքերի թարգմանն է, հասարակության խնդիրները, վիշտն ու տանջանքը բարձրաձայնողը։

Նար-Դոսի ուշադրության առարկան մարդն է՝ իր մարդկային ու բարոյական հատկություններով, արատներով, ողբերգություններով։ «Իրավ է, գրականությունը կյանքի հայելին է, բայց միայն դրանով չի սահմանափակվում նրա դերը. նա կյանքի դպրոցն էլ է։ Հայելու մեջ ցույց է տալիս ինձ, որ ճակատիս մուր է քսված, բայց միջոց էլ է սովորեցնում այդ մուրը սրբելու»,- ասել է Նար-Դոսը։

Ինքն ապրելով դժվարին ու հոգսաշատ կյանքով, լավ էր գիտակցում առօրեական դժվարությունները հաղթահարող մարդկանց։ Իր գործերում ներկայացրեց կյանքի հատակում գտնվողներին, ցույց տվեց նրանց ճակատին քսված մուրն ու պատկերեց այն մաքրելու ճանապարհը։

Նրա հերոսները խեղված ճակատագրերով մարդիկ էին, որոնք կա՛մ հատուցում էին չկատարած մեղքերի համար, կամ էլ զոհ էին դառնում այլոց կրքերին։ Դեռ առավոտյան արևը չբացված՝ ադամամութին, մայրը խեղդում է նորածին երեխային՝ ապրուստի միջոց չունենալու պատճառով («Ադամամութին»), հարսը սպանվում է շաքարամանից շաքար վերցնելու համար («Թե ինչ եղավ, երբ շաքարամանից երեք կտոր շաքար պակասեց․․․»), իսկ թղթախաղում գումար պարտված որդին կողոպտում է ծերացած ու աղքատության մեջ ապրող մորը («Սև փողերի տոկոսը»)։
Հենց այս բախումների մեջ է ցույց տալիս կյանքի իրական, ցավոտ կողմը, բայց միևնույն ժամանակ բուժում է առաջարկում, որն է՝ կրթությունը։ Միայն խավարը լույսով ցրելով է հնարավոր մաքրել ու բարձրացնել հասարակությունը։

Այս գաղափարին է իր գրականությունը ծառայեցրել Նար-Դոսը։

Առլինա ՍԱՐԳՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում