Արցախցիները ԿԽՄԿ-ից պահանջեցին աշխարհին ներկայացնել իրականությունը
Նմանատիպ
Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական հահրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության գրասենյակ։
ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ով հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցների անունից պահանջ է ներկայացնում և ակնկալում է, որ ամենասեղմ ժամկետում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Արցախի գրասենյակն Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ, իրավիճակն ամբողջապես արտացոլող տեղեկատվություն կփոխանցի միջազգային բոլոր կազմակերպություններին։
«Մենք այս պահանջը ներկայացնում ենք և խնդրում ենք փոխանցել Առաքելության ղեկավարին։ Մենք արդարացիորեն ակնկալում ենք, որ առաջիկայում ԿԽՄԿ-ն հայտարարությամբ հանդես կգա և Արցախի ժողովրդին կտա տեղեկատվություն, որ իրավիճակի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիան փոխանցվել է միջազգային կառույցներին։
Բնականաբար, առաջնահերթ դուք պարտավոր եք և պետք է ամբողջ իրավիճակը պատշաճորեն ներկայացնեք ձեր կենտրոնական գրասենյակին և հետևողականորեն պնդել, որ այդ տեղեկությունը՝ որպես արդեն իսկ վաղուց վառված կարմիր լույս, փոխանցվի միջազգային կառույցներին։ Ցավում եմ, որ մինչ այս, որ մենք ունեցել ենք դեպքեր, երբ, հղում անելով ձեր կողմից տեղեկատվության վրա, մեզ պարզաբանել են, որ իրավիճակն Արցախում աղետալի կամ օրհասական չէ։ Ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է, ընդունեք և պատասխանատու գտնվեք Արցախի ժողովրդի նկատմամբ։ Սա քաղաքականություն չէ, սա միջազգային հարաբերություն չէ, խոսքն Արցախի բազմաչարչար ժողովրդի կյանքի և ապրելու մասին է»,- հայտարարեց Ներսիսյանը։
ԿԽՄԿ-ի Արցախի գրասենյակի մոտ ելույթ ունեցավ նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշեց, որ ԿԽՄԿ-ն շատ լավ տիրապետում է, թե ինչ է կատարվում Արցախում, տեսնում է այն տառապանքները, որոնց միջով անցնում է Արցախի ժողովուրդը։ «Միջազգային հումանիտար առաքելություն իրականացնող այս կազմակերպությունը ունի հրապարակային չխոսելու սկզբունք։ Միգուցե, հենց այդ սկզբունքն է, որ մինչև այսօր մեզ այս իրավիճակում է պահում։ Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ ես խնդրում եմ՝ զեկուցեք ՄԱԿ-ին, զեկուցեք միջազգային բոլոր կազմակերպություններին, զեկուցեք, թե ինչ է կատարվում այստեղ, զեկուցեք, որչ այս ժողովուրդը գտնվում է ցեղասպանության վտանգի տակ։ Դուք տեսնում եք չէ՞, թե ինչ է կատարվում այստեղ։ Միակ խնդրանքս է, որ ահազանգեք, թե ինչ է կատարվում այստեղ, կարևոր չէ՝ դա կանեք հրապարակային, թե ոչ հրապարակային, ուղղակի ահազանգեք»,- ասաց Ստեփանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում