Արհեստական քաղցրացուցիչ ասպարտամը՝ քաղցկեղածին նյութ․ ԱՀԿ

Արհեստական քաղցրացուցիչ ասպարտամը՝ քաղցկեղածին նյութ․ ԱՀԿ

Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Սննդային հավելումների գծով փորձագիտական համատեղ կոմիտեի կողմից հրապարակվել է զեկույց, որը բացահայտում է ոչ շաքարային քաղցրացուցիչ ասպարտամի ազդեցությունը առողջության վրա։

Ըստ այդմ՝ ասպարտամը դասվել է հնարավոր քաղցկեղածին նյութերի շարքին (IARC խումբ 2B), որի օրական թույլատրելի նորման մարդու համար չպետք է գերազանցի 40 մգ-ը մարմնի քաշի յուրաքանչյուր կգ-ի համար։

Ասպարտամը արհեստական (քիմիական) քաղցրացուցիչ է, որը լայնորեն օգտագործվում է տարբեր սննդամթերքի և խմիչքների մեջ 1980-ականներից սկսած, ներառյալ դիետիկ ըմպելիքները, մաստակը, ժելատինը, պաղպաղակը, կաթնամթերքը, ինչպիսիք են մածունը, նախաճաշի հացահատիկը, ատամի մածուկը և այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են հազի կաթիլները և վիտամինները։

Դիետիկ գազավորված ըմպելիքները, ինչպիսիք են Coca-Cola Zero-ն, Diet Coke-ը, Pepsi Zero-ն, առանց շաքարի մաստակները, դիետիկ, առանց շաքարի պատրաստվող պաղպաղակները, դիետիկ խմորեղենները իրենց մեջ պարունակում են ասպարտամ

«Քաղցկեղը աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկն է։ Ամեն տարի քաղցկեղից մահանում է 6-ից 1-ը։ Գիտությունը շարունակաբար ընդլայնվում է՝ գնահատելու քաղցկեղի առաջացման հնարավոր կամ նպաստող գործոնները՝ հույս ունենալով նվազեցնել այդ թվերը և մարդկային զոհերը, – ասում է ԱՀԿ-ի Սննդի և սննդի անվտանգության վարչության տնօրեն դոկտոր Ֆրանչեսկո Բրանկան:- Ասպարտամի գնահատումները ցույց են տվել, որ թեև սովորաբար օգտագործվող չափաբաժինները մեծ անհանգստության պատճառ չեն, այնուամենայնիվ դրա հնարավոր ազդեցությունը պետք է լինի լուրջ ուսումնասիրության և եզրահանգումների հիմք։

IARC-ն ասպարտամը դասակարգել է որպես մարդկանց համար հնարավոր քաղցկեղածին (Խումբ 2B) նյութ՝ հիմնվելով մարդկանց քաղցկեղի սահմանափակ ապացույցների վրա (մասնավորապես՝ հեպատոցելուլյար քաղցկեղի համար, որը լյարդի քաղցկեղի տեսակ է):

Սննդային հավելումների գծով փորձագիտական համատեղ կոմիտեն (JECFA) եզրակացրել է, որ ասպարտամն անձի համար անվտանգ է օրական 40 մգ/կգ չափաքանակով  օգտագործելը։ Օրինակ՝ 200 կամ 300 մգ ասպարտամ պարունակող դիետիկ զովացուցիչ ըմպելիքի դեպքում 70 կգ քաշ ունեցող չափահասը պետք է օրական ավելի քան 9-14 շիշ օգտագործի, որպեսզի գերազանցի օրական ընդունելի չափաբաժինը։

Ասպարտամի ազդեցության IARC-ի և JECFA-ի գնահատականները հիմնված են մի շարք աղբյուրներից հավաքագրված գիտական տվյալների վրա, ներառյալ գրախոսվող փաստաթղթերը, պետական հաշվետվությունները և կարգավորիչ նպատակներով կատարված ուսումնասիրությունները: Ուսումնասիրությունները վերանայվել են անկախ փորձագետների կողմից, և երկու հանձնաժողովներն էլ քայլեր են ձեռնարկել՝ ապահովելու իրենց գնահատումների անկախությունն ու հավաստիությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում