Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան
Նմանատիպ
Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք սկզբում կառավարության շենքի դիմաց էին և հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև տեղեկանալով, որ նա գտնվում է Բաղրամյան 26 հասցեում, ակցիան շարունակում են ՀՀ նախագահի նստավայրի մոտ։
«Կառավարության շենքի մոտ մեզ ոչ ոք չընդունեց, ոչ մի պատասխան չտվեց, արհամարանքից ու վիրավորանքից բացի ոչինչ չտեսանք։ Երեսի զոռով դիմում գրեցինք, որ Փաշինյանը մեզ ընդունի։ Մենք հարցեր ունենք և պատասխաններ ենք ուզում։ Առաջին անգամ, որ Փաշինյանը մեզ ընդունեց, ասաց` դուք պետք է մեզ սովորեցնե՞ք աշխատել։ Հիմա ուզում ենք իմանալ` առանց մեր սովորեցնելու աշխատե՞լ են, բա ո՞ւր է արդյունքը»,- ասել է անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։
3 տարիների ընթացքում ծնողները բազմաթիվ դիմումներ, նամակներ են գրել, բայց ոչ ոք նրանց չի պատասխանել։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր` գերի ընկած տղաները թող 2 ամիս սպասեն, մեզ կներեն, 2 ամիս չէ, 3 տարի են սպասում»,- նշել ծնողը`հավելելով, որ այս ընթացքում շատ անգամներ տարբեր ատյաններում անտարբերության են հանդիպել։
Հիշեցնենք` Էջմիածնի զորամասից Արցախ մեկնած 60–հոգանոց խմբից 34 զինվոր անհետ կորել են։ Ծնողները քանիցս բողոքի ակցիաներ են արել ինչպես Էջմիածնի զորամասի մոտ, այնպես էլ կառավարության, ՊՆ–ի ու ԱԺ–ի առջև։ Նրանց ՊՆ–ից պատասխանել էին, որ իրենց երեխաներին սխալմամբ են Զանգելանի այն հատվածը տարել, որն արդեն թշնամու վերահսկողության ներքո է եղել։
Հավելենք, որ Բաքուն հաստատում է հայկական կողմից 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում