Սիպիլ. հայերին հայերեն սովորեցնողը

Սիպիլ. հայերին հայերեն սովորեցնողը

Անհունին մեջ տարուբեր՝

Միտքս անզոր է պայքարելու քեզի դեմ.

Այլ քեզմե խոր, քեզմե անհուն, քեզմե վեր

Հոգվույս ուժը ես գիտեմ:

Ան է միայն որ ազատ,

Պիտի սլանա անցնի դարերն ապագա,

Թափանցելով խորհուրդներու միգապատ,

Պիտի տիրե անոնց վրա:

Սա հատված է Օսմանյան կայսրության ամենայատնի հայուհիներից մեկի՝ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Սիպիլի բանաստեղծություններից:

Սիպիլը մանկավարժական գործունեություն է ծավալել Պոլսի և հեռավոր գավառների դպրոցներում ու վարժարաններում, բայց դրան զուգընթաց զբաղվել է գրականությամբ: Որպես գրող՝ նա հայտնի է դարձել «Մասիս» և «Հայրենիք» պարբերականներում տպագրված բանաստեղծություններով ու հոդվածներով:

Ի դեպ, «Մասիս» պարբերականը հիմնադրվել էր Սիպիլի, նրա ամուսնու՝ գրաքննադատ Հրանտ Ասատուրի և Գրիգոր Զոհրապի կողմից: Ուշագրավ է, որ պարբերականի միտքը հասունացել ու այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել էին համիդյան ջարդերի ընթացքում, որը  Աբդուլ Համիդ 2-րդի կառավարությունն իրագործեց հայաբնակ համայնքներում՝ արևմտահայերի ազատագրական շարժումը ճնշելու և Հայկական հարցին վերջ տալու նպատակով: Հենց այդ ողբերգական ժամանակներին հաջորդած անորոշության պայմաններում էլ նրանք սկսեցին տպագրել թերթը:

«Մնաս բարյա՜վ». ողջույն անդարձ և անգութ

Որ կը հուզես, կը փոթորկես զիս ամբողջ.

Բեկանումներ պատկերելով, ցավեր մութ,

Իր ցողունեն փրթած ծաղիկն ու բողբոջ,

Սրտեր որոնք կուլան դալկոտ ու դողդոջ

Սիպիլը բացառապես հայերեն է գրել: Ապրելով թուրքական միջավայրում, պարբերական կոտորածների ականատեսը դառնալով՝ նա շատ լավ հասկանում էր, որ հայը իրեն պահպանել կարող է բացառապես իր արմատներին կառչելով, ուստի հայաբնակ գավառներում նա թաքուն հայերեն, հայոց պատմություն ու հայկական մշակույթ էր սովորեցնում, իսկ իր գրական ժառանգությունն ամբողջությամբ հայերեն է:

Տարիներով թափառական օտար երկիր ու վայրեր,

Զուրկ մնացի ընտանիքես, տընակես.

Այլ քու կարոտդ անդարման ցավն եղավ սրտիս կարեւեր,

Ո՜վ իմ լեզուս, ամեն իղձ զո՜հ ըլլա քեզ:

Սիպիլի գրականությունը սիրո մասին էր: Նրան համարում էին արևմտահայ ռոմանտիկական մտածողության կրող:

Սիպիլը նաև ժամանակաի ակտիվ հասարակական գործիչներից էր: Նա պայքարում էր կանանց իրավունքների, ազգապահպանության, սոցիալական հավասարության համար:

Սիպիլը բարեկեցիկ ընտանիքի աղջիկ էր, պետք է ուսումը շարունակեր Փարիզում, բայց արձակուրդից վերադարձած իրենց աղախնից իմանում է՝ որքան վատ են ապրում մարդիկ գավառներում, ինչ խեղճ ու անկիրթ են… հենց այդ դիպվածով էլ սկսվեց նրա հասարակական գործունեությունը, որի հիմքում կրթությունն էր:

Սիպիլի գործունեությունը կարելի է առավել քան հաջողված համարել, որովհետև նրա աշակերտներից, հասարակական գործունեության շահառուներից եղան մարդիկ, որոնք ապագայում ազդեցիկ մարդիկ դարձան տարբեր ոլորտներում: Օրինակ՝ Սիրարփի Տեր-Ներսեսյանը, որը նշանավոր բյուզանդագետ, միջնադարագետ, արվեստաբան և հայագետ էր աշխարհի մասշտաբով, Վահրամ Փափազյանը, որը հռչակավոր դերասան էր ու նրա տաղանդով հիանում էին բոլորը: Նա այսօր էլ թատերական ոլորտի նշանավոր հայերից է:

«… Այնքան ձգողական մի զորություն ուներ նա, որպես կին և բանաստեղծուհի, այնքան կանացի հրապույրներով էր պարուրված նրա թեև կարճ, բայց փարթամ անձը, նրա թեև անբարբառ, սակայն ամեն ինչ խոսող աչքերը այնքան լեզվանի էին և գաղտնախորհուրդ կանացիությամբ լի, որին ինչպես բարձրագույն իմացականության մի կծիկի, քանդել փորձողն անմիջապես կխճճվեր այդ կապանքների մեջ` առաջին իսկ փորձիցԱյնքան ժամանակ, որ ճանաչել եմ նրան, նրա պատկերը միշտ անփոփոխ է մնացել իմ հիշողության էկրանի վրա: Տարիները, որ կարծես թավալվում էին նրա վրայով, ձմեռ չունեին. և անվերջանալի արևոտ ամառների երկար մի շարան եղավ բանաստեղծուհու կյանքը»Վահրամ Փափազյանը՝ Սիպիլի մասին

Սիպիլը արդարության, կրթության, գրականության թագուհին էր արևմտահայության մեջ: Նուրբ, կիրթ ու անհոգ թվացող այս կինն ինչե՜ր է տեսել կյանքում, ինչե՜ր հաղթահարել, պատկերացնելը դժվար է, որովհետև մարդիկ տեսնում են՝ որտեղ ես հասել, բայց թե ինչ ճանապարհով, ոչ էլ հետաքրքրվում են, բայց փաստ է մի բան, Սիպիլն անգնահատելի աշխատանք է տարել Օսմանյան կայսրությունում հայերի ազգապահպանության գործում, իսկ ազգի երախտավորներին հիշելն ու նրանց գործը շարունակելը յուրաքանչյուրիս պարտքն է:

Մի՛ ըսեք թե բարությունն է կեղծիք,

Թե ժըպիտը կնճիռ մըն է սնգուրված,

Թե ոչինչ կա ազնիվ, ոչինչ գեղեցիկ,

Թե պատրանք են սերը, ծաղիկն ու քերթված

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում