Հուլիսի 20-ը պատմության մեջ
Նմանատիպ
Պատմության մեջ հուլիսի 20-ը նշանավորվել է մի շարք հիշարժան և կարևոր իրադարձություններով։ Times-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը․
Հունան Ավետիսյան
1914թ-ին ծնվել է Հունան Ավետիսյանը, ով 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցել է Հս. Կովկասի պաշտպանությանը, Նովոռոսիյսկի ազատագրման մարտերին:
Հերոսի կոչման է արժանացել Նովոռոսիյսկի մատույցներում, Վերխնեբականսկի մոտ, Դոլգայա լ. ֆաշիստական ամրությունները գրավելիս ցուցաբերած անձնազոհության համար (կրծքով փակել է թշնամու հրակնատը): 1949-ին ԽՍՀՄ ԶՈՒ նախարարի հրամանով Հունան Ավետիսյանի անունը ընդմիշտ գրանցվել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի Սևաստոպոլյան 390-րդ հրաձգային գնդի 1-ին վաշտի անձնակազմի ցուցակում:
Նրա հիշատակին կանգնեցված են հուշարձաններ Երևանում, Արմավիրում, Ծավում, Վերխնեբականսկում: Հերոսի անունով են կոչվել օվկիանոսային բեռնանավ, դպրոցներ, փողոցներ, արտադրական բրիգադներ:
Մինաս Ավետիսյան
1928թ-ին ծնվել է հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս ավետիսյանը։
Մինասը հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից է: Հայ միջնադարյան մանրանկարչություն, իտալական վերածննդի նկարչություն և Մարտիրոս Սարյան. հենց այսպիսի ազդեցություն կա Մինասի կտավներում, որոնք ամբողջանում են միայն Մինասին հատուկ վրձնահարվածներով, որոնք որքան էլ անփույթ վարպետությամբ են արված, նույնքան էմոցիոնալ ու հանճարեղ են: Նրա՝ ստանդարտների մեջ չտեղավորվող և իրապես ազատ արվեստը հարուցել է սովետական իշխանությունների հակազդեցությունը, ինչի պատճառով Մինասի կյանքի և հատկապես մահվան պատմության շուրջ առկա են մի շարք առեղծվածային վարկածներ, որոնց իրական հանգամանքները մինչ օրս լիարժեքորեն բացահայտված և ապացուցված չեն։
Մարդը Լուսնի վրա
1969թ-ին ամերիկյան «Ապոլոն 11» տիեզերանավը վայրէջք կատարեց լուսնի վրա, որի ուղևորները՝ Նիլ Արմսթրոնգը և Բազ Օլդրինը դարձան պատմության մեջ առաջին մարդիկ, ովքեր ոտք դրեցին լուսնի վրա։ 500 միլիոն մարդ ամբողջ աշխարհում հեռուստացույցով ուղիղ եթերում հետեվում էր այս իրադարձությանը։
«Սա մի փոքր քայլ է մարդու համար, բայց հսկայական թռիչք մարդկության համար»-Նիլ Արմսթրոնգի հանրահայտ արտահայտությունը լսելի է եղել ռադիոեթերում։
Կա վարկած, որ այս իրադարձությունը բեմադրված է, սակայն վարկածն ապացուցել դեռեվս չի հաջողվել․
1969-1972թթ-ին լուսնի վրա ոտք է դրել ամերիկացի 12 տիեզերագնաց:
Բրյուս Լիի մահը
1973թ-ին մահացել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, կինոդերասան, ռեժիսոր, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր և սցենարիստ Բրյուս Լին։
Նրա հայրը չինական օպերայի կատակերգակ դերասան էր` Լի Հոյ Չեն (արմատներով գերմանացի), իսկ մայրն արմատներով չինացի դերասանուհի էր: Կինոյում նկարահանվել սկսել է դեռ մանուկ հասակից ու նույն ժամանակից էլ սկսել է հետաքրքրվել մարտական արվեստներով:
Բրյուս Լին տիրապետել է անհավանական բարձր արագաշարժության և ուժերի կենտրոնացման: Նկարահանվել է ընդհանուր թվով 36 ֆիլմում: Նրա շնորհիվ արևմտյան երկրներում արևելյան մարտարվեստները լայն ճանաչում գտան, ինքը՝ Բրյուս Լին, սկսեց վայելել մեծ ժողովրդականություն ողջ աշխարհում:
Բրյուս Լին մահացել է 33 տարեկանում 1973թ.-ի հուլիսի 20-ին «Մահվան խաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Մինչ այժմ նրա մահվան իսկական պատճառն անհայտ է:
Սերգեյ Փարաջանով
1990թ-ին մահացել է աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը։ Նա համարվում է 20-րդ դարի մեծագույն ռեժիսորներից մեկը, ում աշխատանքները առանձնանում են յուրօրինակ խորությամբ և մշակութային ինքնատիպությամբ։
Փարաջանովին համաշխարհային հռչակ է բերել նրա «Մոռացված նախնիների ստվերները» (1964) կինոնկարը, որը նկարվել է ուկրաինացի գրող Միխայիլ Կոցյուբինսկիի վիպակի հիման վրա: Այն պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել: