Դանիայում նորից այրել են Ղուրանը
Նմանատիպ
«Դանիական հայրենասերներ» ծայրահեղական խմբավորումը երկուշաբթի՝ հուլիսի 24-ին, Ղուրանի այրմամբ ցույց է անցկացրել Կոպենհագենում Իրաքի դեսպանատան դիմաց:
Ցուցարարներից մեկը, ըստ Reuters-ի, ոտնահարել է Ղուրանը և այրել այն գետնին ընկած Իրաքի դրոշի կողքին գտնվող փայլաթիթեղից սկուտեղի վրա։ Դանիայի ոստիկանությունը, ի պատասխան dpa գործակալության խնդրանքի, պաշտոնապես չի կարողացել հաստատել, թե արդյոք այրված գիրքն իսկապես Ղուրանն էր։
Սա վերջին օրերին Դանիայի մայրաքաղաքում աջ արմատականների կողմից Ղուրանի երկրորդ այրումն է։ Հուլիսի 21-ին Կոպենհագենի ոստիկանությունը հայտնել է, որ ակցիայի ժամանակ Իրաքի դեսպանատան մոտ «գիրք» է այրվել՝ չնշելով, որ խոսքը կոնկրետ Ղուրանի մասին է։
Ակցիայի կազմակերպիչներ «Դանիական հայրենասերներ» խմբավորումը ակցիայի տեսանյութերը տեղադրել են սոցիալական ցանցերում: Ավելի ուշ Դանիայի ԱԳՆ-ն խոստովանել է, որ խոսքը մասնավորապես մուսուլմանների սուրբ գրքի այրման մասին է և հայտարարել է, որ թագավորությունը դատապարտում է այդ արարքը։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ստոկհոլմի կենտրոնում ոստիկանության թույլտվությամբ մահմեդականների սուրբ գրքի այրման ակցիա է տեղի ունեցել։ Դրան հետևել է ՄԱԿ-ի հայտարարությունը։ Մարդու իրավունքների խորհուրդը ընդունել է բանաձև, որով դատապարտում է սուրբ գրքերի հրկիզման գործողությունները։
Ղուրանի այրումը վրդովմունքի ալիք էր բարձրացրել մահմեդական երկրներում։ Որպես բողոքի ակցիա՝ Իրաքում ցուցարարները այրել էին Շվեդիայի դեսպանատունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում