ՀՀ-ն չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը․ Նիկոլ Փաշինյան
Նմանատիպ
Մեր կարծիքով՝ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել այն տրամաբանությամբ, որ ԼՂ ներկայացուցիչները իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ ու մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում։
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ի հարցում ՀՀ-ի վարած քաղաքականությանը և դրա նկատմամբ Արցախի ղեկավարության քննադատական դիրքորոշմանը։
«ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակրետ երկխոսության ֆորմատով, միջազգային մեխանիզմի շրջանակներում։ ԼՂ ներկայացուցիչները այդ բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան հասցեագրել իրենց հուզող հարցերը, բովանդակություն գեներացնել ու կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը։ Ես կարծում եմ, որ դա է ճիշտ ճանապարհը»,- ասել է Փաշինյանը։
Հարցին՝ քանի դեռ Հայաստանն է բանակցում Լեռնային Ղարաբաղի փոխարեն, հնարավո՞ր է քննարկվի կարգավիճակի հարց կամ նոր օրակարգ առաջ բերվի, Փաշինյանը ասել է․
«Նախկինում էլ ասել եմ, որ մտածելու հարց է՝ արդյոք ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի ԼՂ-ին, թե այնուամենայնիվ ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության հետ կապված հարցերը պետք է հասցեագրվեն այլ տրամաբանությամբ։ Այս հարցում մենք որոշում չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում