Բանտի փոխարեն՝ ռազմադաշտ․ ՌԴ Գերագույն դատարան
Նմանատիպ
Ռուսաստանի Գերագույն դատարանն առաջին անգամ դատապարտյալին ազատել է պատժից միայն այն պատճառով, որ նա կռվել է Ուկրաինայում։ Դատարանը ռազմական գործողություններին մասնակցելը ճանաչել է որպես «հանգամանքների փոփոխություն», որից հետո իրավախախտը դադարել է լինել սոցիալապես վտանգավոր։
Գերագույն դատարանը հունիսի 28-ին որոշել է փոխել հատուկ ռազմական գործողության անդամի պատիժը (այսպես Ռուսաստանի իշխանությունները անվանում են Ուկրաինայի դեմ պատերազմը)։ Այս մասին որոշումը, սակայն, հրապարակվել է ավելի ուշ։
Առաջինն այս իրողության վրա ուշադրություն է դարձրել «Адвокатская улица» հրատարակությունը, որը Ռուսաստանում ճանաչվել է որպես «օտարերկրյա գործակալ»:
Մինչև հունիսի 24-ը Ռուսաստանում գործում էր օրենք, ըստ որի, հրամանատարությունը պարտավոր է բանակից ազատել պայմանագրային զինծառայողին կամ Ուկրաինայի հետ պատերազմի համար մոբիլիզացվածին, եթե նա դատապարտվել է ազատազրկման։
Նման դատավճիռը ուժի մեջ է մտել մեկ տարի առաջ կապրալ Վլադիսլավ Ուստինովի նկատմամբ։ Նա Խաբարովսկում դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ երկու մարդու մահվան պատճառ դարձած դժբախտ պատահարի համար։ Ուստինովը մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը ոչ թե կալանքի տակ է եղել, այլ ինքն է ներկայացել դատարան։ Նա ներկա է եղել նաև Վերաքննիչ դատարանի նիստին, որից հետո ինքնուրույն պետք է գնար գաղութ-բնակավայր։
Սակայն, գաղութ-բնակավայր նա այդպես էլ չի ներկայացել, այլ ուղարկվել է ռազմաճակատ։ Թե ինչու իշխանությունները չեն փնտրել գաղութում չհայտնված դատապարտյալին, իսկ հրամանատարները խախտել են նրան աշխատանքից ազատելու մասին օրենքի պահանջն ու դատապարտյալին ուղարկել ռազմաճակատ, որոշման մեջ նշված չէ։
Բայց նշվում է, որ հենց դատախազության ներկայացուցիչն է (որը պետք է վերահսկի օրենքի համապատասխանությունը) առաջարկել այս գործով կիրառել ՌԴ ՔՕ 80.1-րդ հոդվածը՝ «Իրավիճակի փոփոխության պատճառով պատժից ազատելը»:
Գերագույն դատարանը նշել է, որ Ուստինովը, այս հոդվածի հիման վրա «դադարել է լինել սոցիալապես վտանգավոր և ենթակա է ազատման պատժից»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում