Չեռնոբիլի ուրվականը․ Պրիպյատ
Նմանատիպ
Պրիպյատ քաղաքը (ռուսերեն՝ Припять) հիմնադրվել է 1970-ին՝ որպես Չեռնոբիլի ատոմակայանում աշխատողների և նրանց ընտանիքների համար նախատեսված ապրելավայր։
Չեռնոբիլի ատոմակայանի վթարից մեկ օր անց՝ 1986 թվականի ապրիլի 27-ին, Պրիպյատի բնակչությունը ենթարկվել է զանգվածային տարհանման։
Ընդամենը մի քանի ժամում շուրջ 50 հազար բնակիչ էվակուացվել է Պրիպյատից․ նրանք այլևս երբեք հետ չեն վերադարձել։ Պրիպյատը մինչ օրս անբնակ է․ այն վերածվել է ուրվական քաղաքի, որի փողոցները գրավել են ծառերն ու վայրի բնությունը։
Ամայացումից հետո Պրիպյատի գույքը պարբերականորեն ենթարկվել է վանդալիզմի և շարունակաբար կողոպտվել։ Շինությունները 1986 թվականից չեն թարմացվել, այդ իսկ պատճառով դրանց տանիքները երբեմն փուլ են գալիս, իսկ վաղ գարնանը շենքերի սենյակները լցվում են ջրով։ Շինությունների տանիքներին և նույնիսկ պատշգամբներում և սենյակներում կարելի է տեսնել ծառեր, ինչն արդեն փաստում է դրանց անկայունության մասին։ 2005 թվականի հուլիսին փլուզվել է քաղաքի միջնակարգ դպրոցի չորս հարկանի շինությունը։
Պրիպյատի այցեքարտը համարվում է կենտրոնական զբոսայգում գտնվող պտտակարուսելը, որը կառուցվել էր հենց աղետի տարում՝ 1986 թվականին՝ Մայիսի 1-ի տոնին ընդառաջ, սակայն աղետի պատճառով երբևիցե չի օգտագործվել։
Հասարակության լայն շերտերը Պրիպյատ այցելելու հնարավորության վերաբերյալ ունեն հակասական կարծիքներ։ Այցելության համար համեմատաբար անվտանգ է համարվում մեկուսացման գոտին, և մինչև Ուկրաինայում պատերազմի սկսվելը, բազմաթիվ գործակալություններ կազմակերպում էին շրջագայություններ դեպի տվյալ գոտի։ Ներկայում ռադիացիայի մակարդակը նշանակալիորեն նվազել է համեմատած 1986 թվականի ապրիլի։ Քաղաքի մեծ մասում ռադիացիոն մակարդակը չի գերազանցում 1 μԶվ/ժ-ի (միկրոզիվերտ ժամում) համարժեք չափաբաժինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում