«Disney Plus» հարթակը չեղարկել է «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունը

«Disney Plus» հարթակը չեղարկել է «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունը

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, «Disney Plus» հարթակը որոշել է չցուցադրել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կյանքի ու գործունեության մասին պատմող «Աթաթուրք» սերիալը, չնայած նրան, որ նախօրոք հայտարարվել էր, որ սերիալը կցուցադրվի 2023 թվականի հոկտեմբերի 29-ին։

Ըստ լրատվամիջոցների, թեպետ սերիալը նկարահանվել էր հենց «Disney Plus»-ի ֆինանսավորմամբ և արժեցել էր ութ միլիոն դոլար, սակայն ցուցադրությունը չեղարկվել է հայկական լոբբի և ԱՄՆ-ի հայկական ազգային կոմիտեի ճնշման արդյունքում։

Այժմ «Աթաթուրք» վավերագրական սերիալը կվերափոխվի գեղարվեստական ֆիլմի և նոյեմբերի 3-ին՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, կցուցադրվի միայն տեղի կինոթատրոններում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հայկական ազգային կոմիտեն (ANCA) մեղադրել էր Disney-ին «բռնապետին ու մարդասպանին» հերոսացնելու մեջ։

«Մենք կոչ ենք անում «Disney Plus»-ին չեղարկել սերիալը, որը փառաբանում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին՝ թուրք բռնապետին ու մարդասպանին, ով իր ձեռքերում ունի միլիոնավոր հույների, հայերի, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամացիների, մարոնիների եւ այլ քրիստոնյա նահատակների արյունը»,-հայտարարել էր ANCA-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում