Ես չկարողացա կանգնեցնել պատերազմը․ Դավիթ Տոնոյանը խոսել է պատերազմի և դրա պատճառների մասին

Ես չկարողացա կանգնեցնել պատերազմը․ Դավիթ Տոնոյանը խոսել է պատերազմի և դրա պատճառների մասին

Դավիթ Տոնոյանը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցնում էր Հայաստանի Պաշտպանության նախարարի պաշտոնը և ով արդեն 1․5 տարուց ավել քրեական գործի շրջանակներում կալանավորված է, այսօր 44- օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հանդես է եկել ուշագրավ հայտարարություններով․

Պատերազմի սկսվելու օրը հայտնի չի եղել 

Տոնոյանը հայտնել է, որ շփման գծում իրավիճակը եղել է սպառնալի, սակայն ռազմական գործողությունների սկսման պահին իրավիճակը ոչ մեկի հայտնի չի եղել․ «Սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել, այն տեղեկության հիման վրա, որ ստացվել է ամփոփման իմ փորձի և պաշտոնական տեղեկատվությամբ, որ ստանում էինք պարբերաբար»,- հայտարարե է Տոնոյանը։

«Զինված ուժերի խնդիրն է կռվել և հաղթել: ՊՆ-ի խնդիրն էր՝ ապահովել, որ կռվեն և հաղթեն։ Ընդ որում, ապահովումը ոչ միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով, այլ և՛ ֆինանսական միջոցների, և՛ տեղեկատվական ապահովման, և՛ պաշտպանական քաղաքականության ապահովման առումով։ Ես գտնում եմ, որ իմ ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը: Իմ ռազմադիվանագիտական հմտությունները, իմ գիտելիքները, իմ կապերը բավարար չեղան, որ չլինի պատերազմ»,- հավելել է Տոնոյանը:

ՀՀ ԶՈւ-ն պատրաստ էր դիմակայել իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի 

Դավիթ Տոնոյանը նշել է, որ 2018 թվականի մայիսին, երբ ստանձնել է պաշտոնը, գնահատականը եղել է այն, որ մենք կարող ենք դիմակայել ՀՀ սահմաններին և Արցախի ժողովրդի անվտանգությանը սպառնացող վտանգին՝ հաշվի առնելով նաև երկրի տնտեսական ու ժողովրդագրական տվյալները։

Տոնոյանը ՀՀ ԶՈՒ վիճակը պատերազմի սկսվելու պահին գնահատել է «բավարար»՝ միևնույն ժամանակ նշելով, որ բանակը պատրաստ էր դիմակայել իրեն 2-3 անգամ գերազանցող ուժին․ «ԶՈւ իրավիճակը գնահատվում էր բավարար՝ ՀՀ-ի դեմ ուղղված և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման առումով։ Զինված ուժերը պատրաստ էին իրենցից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու՝ հաշվի առնելով պատրաստվածությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ գտնվում էին մեր զինվորները», – նշել է Տոնոյանը՝ մատնանշելով, որ դա իր գնահատկանը չէր, այլ՝ փաստարկված տեղեկատվություն։

Սրանից զատ՝ Տոնոյանը նաև նշել է, որ Թուրքիայի ներգրավվածությունը ռազմական գործողություններին անակնկալ է եղել, իրենք դա չեն հաշվարկել․ «Թուրքիայի ներգրավվածությունն իրականացվում էր, ոչ թե Նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե ՀՀ սահմանի ուղղությամբ, այլ այսպես ասած ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում: Այսպիսի հաշվարկ մեր կողմից չի եղել, թերի է եղել, մենք չէինք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդհամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,-ասել է Տոնոյանը՝ հավելելով, որ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Անվտանգության խորհուրդը վարչապետին ներկայացրել է եզրակացություն, ըստ որի՝ անհրաժեշտ է պատերազմը հնարավորինս շուտ կանգնեցնել քաղաքական միջոցներով։

Հայկական կողմը «Իսկանդեր» է կիրառել

«Երբ կարողացել են, երբ հնարավորությունները թույլ են տվել, ինչ ձևաչափով թույլ են տվել այդ հնարավորությունները, աշխարհագրական առումով որտեղից թույլ են տվել, «Իսկանդերի», «Տոչկայի», մարտական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառումն իրականացվել է: Թե երբ, որոշել է հրամանատարությունը»- ասել է Տոնոյանը:

Գեներալ Մովսես Հակոբյանը Արցախում է եղել ՊԲ հրամանատարի խնդրանքով

Դավիթ Տոնոյանը նաև պարզաբանել է այն հարցը, թե պաշտոնաթող գեներալ Մովսես Հակոբյանն ինչու է պատերազմի օրերին եղել Արցախում, այդ թվում՝ հրամանատարական կետերում․«Ես շատ հստակ հիշում եմ, որ Արցախում Մովսես Հակոբյանի գտնվելը` թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրերում գտնվելը, ՊԲ հրամանատարի անձամբ խնդրանքն էր ինձ։ ՊԲ հրամանատարն ինձ էր դիմել, որ Մովսես Հակոբյանը գտնվի Արցախում, աջակցի իրեն»։ Տոնոյանը նշել է, որ այդ հարցով կարող են դիմել նաև Ջալալ Հարությունյանից և նրանից էլ ճշտել։

Ինչու՞ էր Տոնոյանը 2020թ-ի հոկտեմբերի 21-29-ը գնացել Մեղրի

Դավիթ Տոնոյանը պարզաբանել է, թե ինչու է պատերազմի ժամանակ գնացել Սյունիքի մարզ՝ Մեղրի, լինելով Պաշտպանության նախարար։ «ՀՀ պետական սահմանից ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա ունեինք մեծ քանակությամբ զոհեր՝ ինչպես զինծառայողների, այնպես էլ զորահավաքային ռեսուրսի, կամավորական ջոկատների շրջանակում։ Վիրավորների թվում էր Մեղրիի գնդի հրամանատարը։ Պաշտպանության նախարարի հայտնվելը Մեղրիում բավականին մեծ ազդեցությունը ունեցավ և՛ բնակչության վրա, և՛ զորքի։ Կան փաստեր, որ ստորաբաժանումները բավականին հաջող են գործել այդ ուղղությամբ՝ դարանակալելով և ոչնչացնելով հակառակորդին»,- նշել է նա՝ հավելելով, թե իր աչքով է տեսել՝ ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի կայանը։

Ինչու՞ են կրճատվել ԶՈւ 1-ին բանակային կորպուսի զորամասերը 

Ո՞ւմ առաջարկով և ի՞նչ հիմնավորումներով են Դավիթ Տոնոյանի որոշմամբ, նախքան պատերազմի սկսվելը, կրճատվել ՀՀ ԶՈւ-ի հիմնական ռեզերվ հանդիսացող առաջին բանակային կորպուսի զորամասերը։ Այս հարցին իմ պատասխան՝ Տոնոյանը նշել է, որ ռեզերվային կրճատված ստորաբաժանումների հաշվին ձևավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ տարբեր կորպուսներում:

«Դրա հիմնավորումը եղել է կոլեգիալ զինված ուժերի հիմնավորումը: Ես համաձայնել եմ այդ որոշման հետ, քանի որ գտել եմ, որ հատուկ նշանակության ստորաբժանումների ձևավորումը և այլ հատուկ ստորաբաժանումների ձևավորումը շատ ավելի կաևոր է, քան թղթի վրա ներկայացված ստորաբաժանումները»,- պարզաբանել է նախկին նախարարը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում