Ադրբեջանը Հայաստանից պահանջում է դադարեցնել հանքարդյունաբերությունը

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է դադարեցնել հանքարդյունաբերությունը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության հետ սահմանամերձ գոտում Արաքս և Ողջի գետերի աղտոտվածության հետաքննությունը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Հայաստանի խոշոր լեռնահանքային ձեռնարկության՝ Քաջարանի պղնձամոլիբդենային և Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատների կողմից երկար ժամանակ Ողջի գետի ինտենսիվ աղտոտումը, ինչպես նաև Երասխ գյուղում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը՝ առանց ադրբեջանական կողմի հետ խորհրդակցելու, առաջացրել է շրջակա միջավայրի պահպանության կանոնների խախտում։

Այդ կապակցությամբ Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմում է հղել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն ու Եվրոպայի խորհրդին։

«Բողոքում նշվել է ՄԱԿ-ի Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության մասին կոնվենցիայի նորմերի պահպանման կարևորությունը, և անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որոնք նախատեսում են շրջակա միջավայրի պահպանության պահանջների պարտադիր պահպանում, ներառյալ հանքարդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքի պատշաճ կազմակերպման կանոնները: Ընդգծվել է նաև բնապահպանական վնասի որոշման հարցում մեր երկրի իրավասու մարմինների հետ համագործակցության կարևորությունը»,- ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում։

Ավելի վաղ ադրբեջանցի բնապահպանները բաց նամակ էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ թվարկված էին Հայաստանի շրջակա միջավայրն աղտոտող ձեռնարկությունները։ Նամակում նշվում էր, որ շարունակվող հանքարդյունաբերական աշխատանքների արդյունքում էկոհամակարգի ոչնչացումը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների շրջակա միջավայրի համար։ Նրանք կոչ էին անում Հայաստանին՝ անհապաղ դադարեցնել վտանգ ներկայացնող ձեռնարկությունների գործունեությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում