Առանց ռուս զբոսաշրջիկների Վրաստանը կկորցնի տարեկան 1 միլիարդ դոլար
Նմանատիպ
Ռուս զբոսաշրջիկների մուտքի արգելքը Վրաստան, ինչը փորձում է պարտադրել արմատական ընդդիմությունը, երկրի տնտեսությանը կհասցնի տարեկան 1 միլիարդ դոլարի վնաս։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբիխաձեն։
«Արմատական ընդդիմության կողմից նման անպատասխանատու պահանջը Վրաստանի տնտեսությանը կհասցնի շատ լուրջ վնաս։ Եթե ռուս զբոսաշրջիկները չայցելեն Վրաստան, ապա մեր տնտեսությունը կկորցնի տարեկան 1 միլիարդ դոլար, և դա այն դեպքում, երբ Վրաստանի տնտեսությունը կազմում է 30 միլիարդ դոլար»,- ասել է Կոբիխաձեն։
Նա ընդգծել է, որ արմատական ընդդիմությունը երկուշաբթի օրը փորձել է սադրանք հրահրել ռուս զբոսաշրջիկների դեմ, որոնք զբոսանավով ժամանել էին Բաթումի։
«Այդ սադրանքն ուղղված էր Վրաստանի քաղաքական և տնտեսական շահերի դեմ։ Ցանկացած նման զբոսանավի այցը Վրաստան, երկրի տնտեսությանը բերում է 350 հազար լարիի (170 հազար դոլար) եկամուտ։ Սա մեծ գումար չէ, սակայն եթե ընդդիմությունը կարողանար երկրին հասցնել 350 միլիոն լարիի վնաս, նա կգնար այդ քայլին»,- նշել է Կոբիխաձեն։
Նրա խոսքերով, ընդդիմության ակցիան Բաթումիում ցույց տվեց, որ նրանք չունեն բնակչության աջակցությունը։
«Ամբողջ Վրաստանից ընդդիմությանը հաջողվեց հավաքել ընդամենը 150 ակտիվիս և տանել Բաթումի։ Սրանով ամեն ինչ ասված է»,- նկատել է Կոբիձախեն։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը մոտ 200 ընդդիմադիրներ Բաթումիի նավահանգստում բողոքի ակցիա էին կազմակերպել Astoria Grande զբոսանավով Վրաստան ժամանած ռուս զբոսաշրջիկների դեմ։ Ակցիայի մասնակիցները ձվեր և պլաստիկե շշեր էին նետել զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսների վրա։ Վրաստանի ոստիկանության հաղորդման, ակցիայի ժամանակ ձերբակալվել է 23 մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում