Անկարայում ձերբակալվել են թուրքական հետախուզության բազմաթիվ աշխատակիցներ

Թուրքիայի կառավարությունը վերսկսել է արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի շարժման (նուրսիստների) դեմ հատուկ գործողությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը` նշելով, որ հատուկ գործողությունների շրջանակում Անկարայում ձերբակալվել են թուրքական հետախուզության 18 աշխատակիցներ: Ձերբակալվածների թվում են հետախուզական վարչության նախկին ղեկավար Օմեր Ալթըփարմաքը եւ ահաբեկչության դեմ պայքարի Անկարայի ոստիկանապետի նախկին տեղակալ Լոքման Քըրջըլըն:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Գյուլենի շարժման կողմնակիցների դեմ հուլիսի 22-ին Թուրքիայում անցկացված գործողությունների շրջանակում ձերբակալվել են ոստիկանության 70-ից ավելի աշխատակիցներ: Ձերբակալվածների մեջ նշվել էր թուրքական հետախուզության Ստամբուլի բաժանմունքի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի անունը:

Թուրքական ԶԼՄ-ներն այս տարվա հունվարին հայտնել էին, որ հակաահաբեկչական գործողությունների շրջանակում լսվել էին թուրքական հետախուզության պետ Հական Ֆիդանի, երկրի վարչապետի եւ նախագահի հեռախոսային խոսակցությունները:

Դրանից հետո նախկին վարչապետ, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆաթուլլահ Գյուլենին մեղադրել է այն բանում, որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած հեռախոսային խոսակցությունները լսելու հետեւում:

Էրդողանը նաեւ նշել է, որ Գյուլենի շարժումը (որը նա անվանել է «զուհագեռ կառույց») իր հակապետական գործունեությամբ ապացուցել է, որ ոչ թե կրոնական հոսանք է հանդիսանում, այլ` քաղաքականացված եւ անլեգալ կառույց: Էրդողանը Գյուլենին կոչ էր արել չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին եւ ԱՄՆ-ին մեղադրել էր նրան պաշտպանելու մեջ:

Ֆաթուլլահ Գյուլենի դեմ Թուրքիայում քրեական գործ է հարուցվել` պետական հեղաշրջման փորձի եւ երկրի դեմ լրտեսության մեղադրանքներով: Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Գյուլենը պետք է արտահանձնվի ԱՄՆ-ից: ԱՄՆ-ի իշխանություններն էլ հայտարարել են, որ Գյուլենի արտահանձնումն անթույլատրելի է:

Անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել է թուրքական կառավարության անդամների (այդ թվում` նախկին վարչապետ Էրդողանի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները) Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են Գյուլենի գաղափարակից «գյուլենական համայնքի» (նուրսիստների) հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:

Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում