Սաուդյան Արաբիայում մեկնարկել են Ուկրաինայի խնդրով խորհրդակցությունները
Նմանատիպ
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում մոտ 30 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են ուկրաինական ճգնաժամի շուրջ երկօրյա խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի պետական Al-Ekhbariya հեռուստաալիքը։
Նախօրեին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են հրավիրված երկրների ազգային անվտանգության խորհրդականների մակարդակով այս քննարկումների անցկացման մասին։
Ակնկալվում է, որ մասնակիցները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ միջնորդական ջանքերի և հակամարտող կողմերի հետ շփումների լույսի ներքո: Բացի այդ, նրանք կուսումնասիրեն ճգնաժամի հաղթահարման հնարավոր ուղիները։
Ավելի վաղ նշվել էր, որ Ռուսաստանի ներկայացուցիչները չեն հրավիրվել Ջիդդայում անցկացվելիք խորհրդակցություններին։ Միաժամանակ մի շարք պետություններ հաստատել են իրենց մասնակցությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, Լեհաստանը և Շվեդիան։ Իսկ Չինաստանի ԱԳՆ-ն մեկ օր առաջ հայտարարեց, որ չինական կողմից միջոցառմանը կմասնակցի Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում