«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է իրականացնում». Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ
Նմանատիպ
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Արցախի շրջափակման թեմայով զեկույց է հրապարակել։ Այս զեկույցում նա մասնավորապես խոսել է Բերձորի միջանցքի մասին և իրավիճակը որակել որպես Ադրբեջանի կողմից ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։
Օկամպոն իր զեկույցում շեշտում է. «Ադրբեջանի գործողությունները ցեղասպանություն են Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ և համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի գ կետի՝ «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, ցեղասպանություն է»:
Նա նաև նշել է. «Ո՛չ դիակիզարաններ կան, ո՛չ էլ մաչետեներով հարձակումներ։ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ցեղասպանության անտեսանելի զենքը սովն է։ Սովը 1915-ին հայերի և 2023-ին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ցեղասպանության զենքն է։ Եթե չլինի անհապաղ կտրուկ փոփոխություն, Լեռնային Ղարաբաղի հայերը մի քանի շաբաթվա ընթացքում կոչնչացվեն»։
Լուիս Մորենո Օկամպոն նաև նշում է, որ կա ողջամիտ հիմք՝ հավատալու, որ նախագահ Ալիևը ցեղասպանական մտադրություններ ունի. նա գիտակցաբար շրջափակել է Լաչինի միջանցքը նույնիսկ այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը միջանկյալ որոշումներով նրան ծանուցել է իր գործողությունների հետևանքների մասին։
Լեռնային Ղարաբաղի հայերի վերջնական ոչնչացումը կանխելու համար Օկամպոն կարևոր է համարում շրջափակման դադարեցումը մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում, ինչպես նաև տարածքային վեճերի լուծումը մինչև 2025 թ.-ի մայիսը, երբ Ադրբեջանը կարող է պահանջել ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում