Հայաստանում հրավտանգ իրավիճակ է․ ի՞նչ է կարևոր իմանալ

Հայաստանում հրավտանգ իրավիճակ է․ ի՞նչ է կարևոր իմանալ

Թեև անտառային և խոտածածկ բազմաթիվ հրդեհներ առաջանում են բնական եղանակով, ինչպիսիք են օրինակ կայծակը կամ եղանակային բարձ ջերմաստիճանը, մարդու «միջամտությունն» անհամեմատ ավելի մեծ է շրջակա միջավայրը բառի ուղիղ իմաստով այրելու գործում։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում մոտ 75% հրդեհներն  առաջանում են մարդկային միջամտության արդյունքում։ Միայն ԱՄՆ-ում հրդեհների ավելի քան 90%-ը պայմանավորված է մարդու գործունեության որևէ ձևով:

Ինչպե՞ս խոսափել անտառային և խոտածածկ տարածքների հրդեհներից

Ծխախոտ և այրվող իրեր

Աշխարհում անտառների և խոտածածկ տարածքների հրդեհների ճնշող մեծամասնությունն առաջանում է մարդկային մի քանի անզգույշ գործողության հետևանքով, որոնց կանխումը կնպաստի կանաչ տարածքների պահպանությանը.

  • Երբեք բնության մեջ դեն մի՛ նետեք ծխախոտ (նաև՝ ընթացքում գտնվող մեքենայից),
  • Երբեք բնության մեջ դեն մի՛ նետեք այրվող լուցկի կամ ծխացող այլ իր (նաև՝ ընթացքում գտնվող մեքենայից),
  • Մի՛ ծխեք վառելիքի տարաների կամ վառելիքով լիցքավորված բեռնատարների շուրջ։

Հանգիստ՝ բնության գրկում

Անհրաժեշտ է զգուշորեն և բարեխիղճ վերաբերվել բնությանը՝ «ճամբարային» կամ խմբակային հավաքույթների ժամանակ։

  • Անհրաժեշտ է խիստ ուշադրություն դարձնել անտառային կամ խոտածածկ տարածքներում շարժական ջեռուցիչների, վառարանների, ինչպես նաև էլեկտրոնային սարքավորումների օգտագործմանը. վերջիններս մեկ անուշադիր գործողության հետևանքով կարող են հեշտությամբ առաջացնել հրդեհ։
  • Եթե պատրաստված սննդից առաջանում է յուղ, որը հոսել է խոտածածկ տարածքի վրա, անհրաժեշտ է այն հողով ծածկել. փոքրիկ կայծից այն կարող է դառնալ մեծ հրդեհի պատճառ։
  • Խուսափե՛ք խարույկների այրումից՝ չնախատեսված վայրերում։ Իսկ եթե այնուամենայնիվ որոշել եք խարույկ վառել, ապա այն պետք է իրականացնել բաց տարածքում՝ 5-10 մետր շառավղով «ապահովելով» շրջակայքը՝ հնարավոր հրդեհի տարածումը կանխելու համար։ Օրինակ խարույկը կարող եք այրել հողային լայն հատվածի վրա։

Գյուղատնտեսական աշխատանքներ

Հաճախ կարելի է հանդիպել, երբ դաշտավայրերում (օրինակ՝ հացահատիկի դաշտավայրեր) տեղի է ունենում  չոր խոտի այրում։ Վերջինս չափազանց վտանգավոր և հաճախ անվերահսկելի գործընթաց է, քանի որ նշված դաշտավայրերի շուրջբոլորը սովորաբար կրկին դաշտավայրեր են և վերջիններս ևս կարող են բռնկվել՝ անգամ թեթև քամու հետևանքով «փոխանցված» կայծից։

Ի՞նչ անել, եթե տեսնում եք հրդեհ է

Ոչ ոք ապահովագրված չէ հրդեհային պատահարից։ Եթե հայտնվել եք այնպիսի իրավիճակում, որտեղ հրդեհ է առաջացել կամ որոշակի հեռավորությունից ականատես եք հրդեհի, պետք է հետևել մի քանի պարզ կանոնների և չմատնվել խուճապի։

Հրդեհ նկատելու, կամ նույնիսկ չնչին ծխացող հատված տեսնելիս անհրաժեշտ է ձեռնարկել որոշ միջոցառումներ.

  • Առաջին հերթին անհրաժեշտ է զանգահարել փրկարար ծառայություն՝ 911 հեռախոսահամարով,
  • Եթե անգամ թվում է, թե հրդեհը վերահսկվում է և շուրջբոլորը մարդիկ կան, կրկին անհրաժեշտ տեղյակ պահել փրկարար ծառայությանը, քանի որ հնարավոր է պարզվի, որ պարզապես անցորդները փորձում են հանգցնել կրակը և նրանցից ոչ ոք դեռ չի տեղեկացրել փրկարար ծառայությանը:
  • Փրկարար ծառայություն ահազանգելուց հետո առաջին հերթին անհրաժեշտ է լսել վերջինիս աշխատակիցների հորդորները՝ մինչև ծառայությունը կհասնի դեպքի վայր,
  • Եթե բուն հրդեհի վայրում եք, ապա ծածկեք բերանը խոնավ շորով և շնչեք դրանով, որպեսզի կանխեք թոքերի վնասումը,
  • Հնարավորության դեպքում հագուստը ծածկեք ջրով կամ խոնավ որևէ «վերմակով», որպեսզի նվազագույնի հասցնեք այրվածքների հավանականությունը,
  • Եթե այնպիսի միջավայրում եք, որտեղ առկա է թեկուզ չնչին հողային հատված, ապա մնացեք այդ հատվածում՝ մինչև կրակի մարումը կամ տարածքից դուրս գալու հնարավորության ստեղծումը։

Որքան էլ շրջակա միջավայրում անհրաժեշտ է ցուցաբերել բարձր պատասխանատվություն, միևնույն է, ոչ ոք ապահովագրված չէ հրդեհային ռիսկից և կարող եք թեկուզ այլ անձանց գործունեության հետևանքով հայտնվել նման իրավիճակում։ Հետևաբար, անհրաժեշտ է իսկզբանե պատրաստ լինել նման իրավիճակներին և առաջին հերթին չմատվել խուճապի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում