Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար ներկայացրել է նոր նախապայմաններ ՀՀ-ին

Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար ներկայացրել է նոր նախապայմաններ ՀՀ-ին

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հաղորդագրություն Բերձորի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար ներկայացրել է նոր նախապայմաններ։

Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է Լաչինի ճանապարհի շուրջ տևական բանավեճերին և հասկանում է Ադրբեջանի օրինական մտահոգությունն այդ հարցում:

«Ցավոք, երկար ժամանակ Ադրբեջանի կողմից բարձրաձայնվող այս մտահոգությունները ուշադրության չարժանացան և ի վերջո Ադրբեջանը իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում ձեռնարկեց քայլեր, որոնք նպատակահարմար գտավ։

Թուրքիան Լաչինի ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի հասցեին հնչող քննադատությունները անհիմն է համարում»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով արդեն ՀՀ-ին ներկայացվող նախապայամաններին հայտարարությունում նշվել է հետևյալը. «Հայաստանից մեր ակնկալիքն է խուսափել սադրիչ քայլերից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Ղարաբաղում հայ բնակչության կարիքները հոգալու նպատակով կիրառել «Աղդամ-Խանքենդի » և այլ այլընտրանքային ուղիները, ինչպես նաև աջակցել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրմանն ուղղված Ադրբեջանի ջանքերին»։

Հայտարարությունը եզրափակվել է Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ և մասնավորապես նշվել է, որ «Թուրքիան հավատում է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար պետք է աջակցել բարեկամ և եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, հումանիտար ջանքերին և խուսափել իրավիճակը սրող գործողություններից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում