«Բաքուն պետք է վերջ տա Լաչինի միջանցքի շրջափակմանը». The Washington Post

«Բաքուն պետք է վերջ տա Լաչինի միջանցքի շրջափակմանը». The Washington Post

Ընդունել Ադրբեջանի քաղաքական վերահսկողությունը կամ լքել Լեռնային Ղարաբաղը. ըստ էության, հենց նման պահանջ է ներկայացնում Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Այդ մասին հոդված է հրապարակել The Washington Post-ը և հավելել՝ Հայաստանի ղեկավարությունը շեշտում է՝ Ալիևի մարտավարությունը ցեղասպանություն է, և շատերը կարծես թե պատրաստ են նույնիսկ սովամահ լինել, քան ենթարկվել:

«Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը: Առանց այդ երթուղու՝ հայ բնակչությունը զրկված է սննդից, դեղորայքից, առաջին անհրաժեշտության պարագաներից: Վառելիքի պակասը նույնպես կործանարար ազդեցություն ունի: Ադրբեջանցիներն ասում են, որ պատրաստ են սննդամթերք առաքել, բայց հայերը վախենում են, թե դա կարող է ծուղակ լինել՝ առաջին քայլը դեպի ուժային ինտեգրում»,- նշել է հոդվածի հեղինակ Դևիդ Իգնատիուսը:

«Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ Լեռնային Ղարաբաղում հայերին հաջողվում է գոյատևել միայն սեփական այգիներում աճեցրած սննդամթերքի շնորհիվ: Նրանք մտավախություն ունեն, որ ձմռանն ընդառաջ՝ այս երկու ամսվա ընթացքում, բնակչությունը կարող է սովի մատնվել: Հայերը սարսափում են 1915 թվականի ցեղասպանության կրկնությունից»,- ասված է հոդվածում:

Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի, սակայն Լաչինի միջանցքի ճգնաժամը խաթարել է դիվանագիտական գործընթացը: Երևանը նաև միջազգային երաշխիքներ է ուզում, որ խաղաղ համաձայնագիրն ամբողջությամբ կիրականացվի, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն:

Իգնատիուսի խոսքով՝ Բաքուն պետք է վերջ տա Լաչինի միջանցքի շրջափակմանը և վստահության մթնոլորտ ստեղծի, սակայն ադրբեջանական կողմը փորձում է իր գործողություններով կոտրել Լեռնային Ղարաբաղի ոգին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում