Արցախում ուսումնական պրոցեսը կարող է չսկսվել

Արցախում ուսումնական պրոցեսը կարող է չսկսվել

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռևս հստակ որոշում չունի` սեպտեմբերի 1–ից ուսումնական պրոցեսը սկսելու վերաբերյալ։ Այս մասին ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը՝ Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Եթե շրջափակումը շարունակվի, ապա ավելի շուտ կորոշվի չսկսել, քանի որ խնդիրները շատ են` սկսած կազմակերպչական հարցերից, մինչև տրանսպորտի բացակայություն, գրենական պիտույքների անբավարար քանակ, տեղաշարժման խնդիրներ և այլն»,– նշել է նախարարը` ավելացնելով, որ վերջնական որոշումը կկայացվի սեպտեմբերի 1–ի նախաշեմին։

Նրա խոսքով` կսպասեն ևս մի 3-4 օր, եթե իրավիճակի կտրուկ փոփոխություն լինի, ապա, ամենայն հավանականությամբ, կսկսեն։ Մկրտչյանը վստահեցրել է, որ իրենք ավելի հակված են ուսումնական տարին սեպտեմբերի 1–ով սկսելուն և, չնայած դժվարություններին, արդեն սկսել են նախապատրաստվել, կազմակերպչական հարցերով զբաղվել, ծրագրեր մշակել, ժամաքանակները բաշխել և այլն։

«Տարբեր բնակավայրերի հետ կապված երևի առանձին որոշումներ կկայացնենք. եթե տեսնենք` որևէ բնակավայրում հնարավոր է ուսումնական պրոցեսը կազմակերպել` ջերմային ռեժիմը պահպանել, սննդամթերքի հարցը լուծել, հաճախելիության հարցը լուծել, ապա տեղային որոշումներ կընդունվեն, որ կոնկրետ տվյալ բնակավայրում ուսումնական տարին սկսվի»,– ընդգծել է նախարարը։

Ինչ վերաբերում է հայաստանյան կամ արտերկրի բուհերում սովորող ուսանողներին, ապա օգոստոսի 21–ից սկսել են նրանց որոշակի խմբաքանակով տեղափոխել դեպի ՀՀ։

Միաժամանակ Հայաստանում այս պահին կան արցախցի ուսանողներ և աշակերտներ, որոնք պետք է վերադառնային Արցախ` ուսումը շարունակելու համար, սակայն չեն կարողանում գնալ։

Նշենք, որ Արցախում քննաշրջանն ավարտվել է հուլիսի 9–ին։ Այն կայացել է երկու փուլով` հիմնական և լրացուցիչ։ Ընդունված դիմորդները իրենց ուսումը պետք է սկսեն ՀՀ–ի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում