Ես դատապարտում եմ շրջափակումը․ Մակրոն

Ես դատապարտում եմ շրջափակումը․ Մակրոն

Ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։

«Ես ցավում և դատապարտում եմ այդ շրջափակումը։ Մենք միշտ ասել ենք, որ կանգնած ենք ժողովուրդների ինքնիշխանության կողքին։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է։ Այս հարցում ես չեմ կարող կրկնել արտահայտված ամենակոշտ դիրքորոշումները: Ֆրանսիան հստակորեն դատապարտել է 2020 թվականի պատերազմը և կազմակերպել բազմաթիվ մարդասիրական գործողություններ։ Այսօր մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվի մի համաձայնություն, որը թույլ կտա տևական խաղաղության հաստատում և ժողովուրդների ու մշակույթների պաշտպանություն: Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին»,-ասել է նա։

Էմանուել Մակրոնը հավելել է, որ անընդունելի հումանիտար իրավիճակ է ստեղծվել, հատկապես՝ Լաչինի միջանցքի շուրջ ու շեշտել, որ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության նպատակով գործադրվող ճնշումը պահպանելն է։

Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ պաշտոնական Փարիզը շարունակում է նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի սննդամթերք և դեղորայք հասցվի Լեռնային Ղարաբաղ և ազատ մուտքն այնտեղ պահպանվի՝ ասելով, որ Հայաստանը վտանգված է նաև սեփական սահմաններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում