Ադրբեջանական կողմն ապօրինաբար առևանգել է ևս 2 տղայի

Ադրբեջանական կողմն ապօրինաբար առևանգել է ևս 2 տղայի

Արցախից Հայաստան տեղափոխվող և նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգու հետ կապ չի հաջողվում հաստատել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անցակետը, սակայն ուր են նրանք հիմա, հայտնի չէ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ադրբեջանական կողմն առևանգել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող 22-ամյա Ալեն Նելսոնի Սարգսյանին։ Արցախի ՄԻՊ աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ Ալեն Սարգսյանը տարվել է անհայտ ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ։

Ինչպես նա, այնպես էլ մյուս երկու երիտասարդները Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։

«Բացի դրանից, Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։ Հարցաքննության ընթացքում տվել են տարաբնույթ հարցեր՝ սպորտով զբաղվածությունը, ՀՀ գնալու նպատակը, Հայաստանում և Արցախում տնտեսական իրավիճակը և այլն»,– նշված է Ստեփանյանի գրառման մեջ։

Արցախի ՄԻՊ–ը տեղեկացնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է 170 անձանց տեղափոխություն։ Այսօր հերթական տեղափոխումն էր։ Ժամը 13:00-ի սահմաններում դեպի Հայաստան տեղափոխվող անձինք հասել են Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետ, և այդտեղ էլ արդեն սկսվել է ամեն ինչ։

«Բազմիցս նշել ենք, որ Հակարի կամրջի մոտ տեղակայված անօրինական անցակետն ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանության համար։ Վագիֆ Խաչատրյանի, Ալեն Սարգսյանի առևանգումն անառարկելիորեն ապացուցում են, որ այսպես կոչված անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի, որով ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առևանգվում և ազատությունից զրկվում են քաղաքացիական անձինք»,- ընդգծում է Ստեփանյանը։

Նա հիշեցնում է, որ շրջափակման մեջ է 120 000 բնակչություն՝ զրկված հումանիտար հասանելիությունից և մարդու տարրական իրավունքների պաշտպանության հնարավորությունից։

Արցախի ՄԻՊ–ն ընդգծում է` թե՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և թե՛ ռուս խաղաղապահների միջազգային իրավական ու քաղաքական երաշխիքները փաստացի բավարար չեն Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության, այդ թվում` ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է, որ Կարմիր խաչն ու ռուս խաղաղապահները հնարավոր միջոցները ձեռնարկեն` ապահովելու Արցախի բնակչության հումանիտար տեղաշարժի անվտանգությունը և առևանգված անձանց անհապաղ վերադարձը։ Գեղամ Ստեփանյանը շեշտում է` առանց նման երաշխիքների պետք է դադարեցնել քաղաքացիական անձանց փոխադրումները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում