Լավ լուր Արցախի մարդասիրական օդային միջանցքի մասին

Լավ լուր Արցախի մարդասիրական օդային միջանցքի մասին

Լիխտենշտեյնի արքայազն Միխաելը (Prince Michael) պատրաստակամություն է հայտնել առաջնորդել «Ազնավուր» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնության օդային շարասյունը դեպի պաշարված Արցախ և լինել մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռում։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մեր հումանիտար գործընկեր շվեյցարական Impact Investing Solutions ընկերությունն արդեն մամուլի հաղորդագրություն է հրապարակել կայքում, որում նշվում է. «Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելի հետ միասին աշխարհի այլ առաջնորդներ, պետությունների ներկա և նախկին ղեկավարներ ևս պատրաստ են կենսական անհրաժեշտության ապրանքներն օդային կամուրջով հասցնելու Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, արդեն ութ ամսից ավելի է, ինչ զրկված է սննդից ու դեղորայքից»»։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օդային օգնություն կազմակերպելու կոչն առաջին անգամ հնչել է 2022 թվականի դեկտեմբերին համաշխարհային մարդասիրական առաջնորդների կողմից, որոնց թվում էին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբոուն, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար և առողջապահության նախկին նախարար Բեռնար Քուշները, Unilever-ի նախկին գործադիր տնօրեն Պոլ Պոլմանը, ինչպես նաև շատ ու շատ իրավապաշտպաններ և խաղաղության ակտիվիստներ:

«Սա վառ օրինակ է այն բանի, որ միջազգային դերակատարները պատրաստ են իրական աջակցություն ցուցաբերել, եթե լիարժեք տեղեկացված լինեն Արցախում տիրող իրավիճակին»,- ասված է գրառման մեջ։

Ըստ Վարդանյանի՝ միջազգային լրագրողները պետք է կարողանան գալ և տեղում համոզվել, որ Արցախում իսկական հումանիտար աղետ է և 120.000 մարդու ցեղասպանություն։

Միևնույն ժամանակ, Ստեփանակերտի օդանավակայանը կարող է շահագործվել՝ որոշակիորեն ապահովելով արցախցիներին սննդամթերքով և դեղորայքով։ «Սա որևէ լրացուցիչ ջանք չի պահանջելու միջազգային հանրությունից, բացառությամբ՝ ապահովելու օդային մատակարարումներն ու օդային կամրջի անվտանգությունը: Պարենի համաշխարհային ծրագրին և Կարմիր խաչին կոչ է արվել  առաջիկա օրերին կազմակերպել չվերթը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում