Մոսկվան դժգոհ է Ռուսաստանի մասին Փաշինյանի հայտարարություններից

Մոսկվան դժգոհ է Ռուսաստանի մասին Փաշինյանի հայտարարություններից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի մասին, որոնք նա հնչեցրել է իտալական լրատվամիջոցին տված հարցազրույցում, անընդունելի են, Մոսկվայում ծայրահեղ դժգոհ են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Մոսկվան ծայրահեղ դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում վարչապետի հայտարարություններից և ՀՀ ԱԳՆ-ի՝  օգոստոսի 31-ի մեկնաբանությունից, որոնք համարվում են անընդունելի՝ իրենց տոնայնությամբ և բովանդակությամբ և որոնք միտված են սեփական սխալ հաշվարկների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելուն»,- ասել է գործակալությունը։

Նշվել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում լքել հարավկովկասյան տարածաշրջանը՝ որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, սակայն Երևանը չպետք է դառնա Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու Արևմուտքի գործիքը։

 «Մեր ռուս գործընկերները շատ են խոսում այն մասին, որ արևմտյան երկրները «աշխատում են» մեզ հետ, որ ՀՀ կառավարությունը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու միջոցներ ձեռնարկի, բայց մենք իրենց ասում ենք մեր կարծիքը, որ ՌԴ-ն հենց իր կողմից ձեռնարկված կամ չձեռնարկված քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից։ Կան գործընթացներ, որոնք հանգեցնում են այն մտքին, որ կարող ենք արթնանալ ու տեսնել, որ ՌԴ-ն այստեղ չէ», – ասել էր Փաշինյանը հարցազրույցում։

«Փաստորեն, նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ Երևանը օգտագործելով այդ նպատակին հասնելու միջոց։ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Սակայնդա պետք է երկկողմանի գործողություն լինի․ Հայաստանը ևս չպետք է դառնա Արևմուտքի գործիքը», – ասել է աղբյուրը։

«Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար, փոխշահավետ և ապացուցված գործընկերություն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում