Կիմ Չեն Ընը Պուտինի հետ կքննարկի զենքի մատակարարումները․ The New York Times
Նմանատիպ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հնարավոր է, սեպտեմբերին այցելի Ռուսաստան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկի Մոսկվային զենքերի մատակարարման հարցը։ Այս մասին հայտնում է «The New York Times» պարբերականը` վկայակոչելով ԱՄՆ-ի և նրա դաշնակից երկրների պաշտոնյաներին։
Հյուսիսային Կորեայի ղեկավարը ՌԴ նախագահի հետ կարող է հանդիպել Վլադիվոստոկում՝ սեպտեմբերի կեսերին։ Վլադիվոստոկում սեպտեմբերի 10-13-ը նախատեսվում է անցկացնել Արևելյան տնտեսական ֆորումը, որին երկու ղեկավարներն էլ կարող են ներկա գտնվել։ Կիմ Չեն Ընը և Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում հանդիպել են նաև 2019 թ․ ապրիլին։ Աղբյուրները նաև նշել են, որ Կիմ Չեն Ընը կարող է այցելել Մոսկվա և «Վոստոչնի» տիեզերակայան։
ԿԺԴՀ ղեկավարը, որը հազվադեպ է լքում Փհենյանը, Ռուսաստան կմեկնի զրահապատ գնացքով։ Կիմ Չեն Ընի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին Կրեմլն առայժմ ոչինչ չի հայտնել։
Հիշեցնենք, որ հուլիսին Հյուսիսային Կորեա էր այցելել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Կորեական պատերազմի ավարտի 70-ամյակի տոնախմբություններին մասնակցելու։ Շոյգուն նշել էր, որ կողմերը քննարկում են համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը։