Ուկրաինայում ցեղասպանության մասին դեռևս բավարար ապացույցներ չկան. ՄԱԿ
Նմանատիպ
Ուկրաինայում խախտումների վերաբերյալ ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննող հանձնաժողովը դեռ բավարար ապացույցներ չի ստացել այն մասին, որ ռուս զինվորականների գործողությունները հարևան երկրում կարող են որակվել որպես ցեղասպանություն։ Այս մասին Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Էրիկ Մյոսեն։
«Մենք քաջատեղյակ ենք այս հանցագործության հետ կապված մտահոգություններին և կշտամբանքներին: Հետևաբար, մենք քայլ առ քայլ հետաքննում ենք այդ հարցը: Այս պահին մենք չունենք բավարար ապացույցներ, որոնք համապատասխանում են Ցեղասպանության կոնվենցիայով նախատեսված իրավական պահանջներին»,- ասաց նա: Մյոսեն հիշեցրել է, որ ցեղասպանությունը ճանաչելու համար անհրաժեշտ է ապացուցել հանցագործների մտադրությունը՝ «ոչնչացնել որոշակի խմբի» մարդկանց։ Իսկ ոչնչացումը «պետք է լինի ֆիզիկական կամ կենսաբանական»։ «Դրանք կոշտ պայմաններ են, որոնք հաստատվում են դատական պրակտիկայով»,- պարզաբանել է ՄԱԿ-ի փորձագետը։
Միևնույն ժամանակ, Մյոսեն ընդգծել է, որ հանձնաժողովը շարունակում է իր հետաքննությունը և, մասնավորապես, ուսումնասիրում է «ռուսական լրատվամիջոցների որոշ հայտարարություններ, որոնք, հնարավոր է, առնչություն ունեն ցեղասպանության հրահրման խնդրին»։
Հավելենք, որ մարտին ՄԱԿ-ի նույն հանձնաժողովը ներկայացրել է զեկույց, որտեղ ճանաչել և դասակարգել է Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական հանցագործությունները՝ ըստ տեսակների։ Բացահայտված հանցագործությունների թվում են հարձակումները խաղաղ բնակչության և Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա, դիտավորյալ սպանությունները, անօրինական բանտարկությունները, խոշտանգումները, բռնաբարությունները և այլ տեսակի սեռական հանցագործությունները, ինչպես նաև երեխաների արտաքսումն ու անօրինական արտահանումը Ռուսաստան:
Զեկույցում նշվում է, որ ռուսական բանակը պայթուցիկ զենքով հարձակվել է բնակեցված տարածքների վրա և դրանով «ըստ երևույթին հաշվի չի առել խաղաղ բնակչության վնասն ու տառապանքը», այդ հարձակումները եղել են «անընդհատ և անհամաչափ»։ Հանձնաժողովը խորհուրդ է տվել շարունակել Ուկրաինայում կատարված բոլոր խախտումների և հանցագործությունների հետաքննությունը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Ենթադրյալ պատերազմական հանցագործների ցուցակը կփոխանցվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում