Լեմկինի ինստիտուտը արձագանքել է Արցախում հնարավոր ցեղասպանության սպառնալիքին

Լեմկինի ինստիտուտը արձագանքել է Արցախում հնարավոր ցեղասպանության սպառնալիքին

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը զեկույց է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախում ցեղասպանության վտանգի վերաբերյալ։ Զեկույցը մանրամասնորեն անդրադառնում է Արցախի պատմությանը, ներկայում շրջափակման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակին, ինչպես նաև 2020 թ․-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին և դրանում Թուրքիայի դերակատարությանը։

Ըստ Լեմկինի ինստիտուտի զեկույցի՝ պատերազմի ավարտը և խաղաղապահների տեղակայումը խաղաղություն չեն բերել տարածաշրջանին։

«Աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը պահպանվում է, քանի որ ադրբեջանական ուժերը մինչ օրս շարունակում են խաղաղ բնակչությանը սպառնալ ոտնձգությունների, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների վրա անկանոն հարձակումների, հայերի սպանությունների և առևանգումների, ինչպես նաև զինադադարի եռակողմ հայտարարության խախտումների միջոցով», – արձանագրում են զեկույցի հեղինակները՝ վկայակոչելով Բաքվի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Լաչինի միջանցքի շրջափակումը։

Լեմկինի ինստիտուտի վերլուծաբանները նաև նշում են, որ «Transparancy International» հակակոռուպցիոն կենտրոնն Ադրբեջանը դասակարգել է որպես «Համախմբված ավտորիտար ռեժիմ»՝ 2022 թ․-ին այն դասելով Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կոռուպցիայի առումով ամենավատ ցուցանիշն ունեցող երեք երկրների շարքում, և հակառակ դրա՝ Հայաստանը դասվել է լավագույն երեք երկրների շարքում։

«Ադրբեջանի և Արցախի Հանրապետության քաղաքական համակարգերի միջև առկա անհավասարությունը հսկայական խոչընդոտ է ցանկացած համաձայնագրի համար, որն Արցախը կներառի որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, քանի որ բռնապետության քաղաքացիություն ընդունելը նման է սեփական քաղաքացիական ազատություններից հրաժարվելուն և ճնշման ենթարկվելուն համաձայնություն տալուն», – գրված է զեկույցում։

Զեկույցում մանրամասնորեն ներկայացվում են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և, ընդհանուր առմամբ, երկրի իշխանությունների մակարդակով վարվող հայատյաց քաղաքականությունը։

Արցախի հայերի սովամահությունը և բռնի տեղահանությունը կանխելու և Հայաստանի Հանրապետության հայերի նկատմամբ ցեղասպանական հետագա հնարավոր հարձակումները կանխելու համար Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանն առաջարկում է այդ թվում՝ հանրային կերպով ճանաչել Արցախում և Հայաստանում հայերի դեմ ցեղասպանության վտանգը, պահանջել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, օդային ճանապարհով անմիջապես հումանիտար օգնություն հասցնել Արցախի քաղաքացիներին, ակտիվորեն միջամտել՝ պաշտպանելու Արցախը Ադրբեջանի զինված հարձակումից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում