ՌԴ-ը Թուրքիային 1 մլն տոննա ռուսական հացահատիկ կմատակարարի
Նմանատիպ
Ռուսաստանը և Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել Կատարի աջակցությամբ 1 մլն տոննա հացահատիկի մատակարարման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։
Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, մատակարարումների տեխնիկական մանրամասների ուսումնասիրությունը կսկսվի մոտ ժամանակներս։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի խոսքով՝ անհրաժեշտ է համաձայնեցնել լոգիստիկայի, ֆինանսավորման, երթուղիների, ժամանակացույցի և այլնի հարցերը։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր Ռուսաստանի մտադրության մասին՝ կազմակերպել 1 միլիոն տոննա հացահատիկի մատակարարումներ Թուրքիա՝ թուրքական ալրաղացներում վերամշակման համար և արդյունքում՝ ալյուրի հետագա առաքումը աշխարհի ամենաաղքատ երկրներ։ Կատարը պատրաստ է ընդունել ֆինանսական մասնակցություն գործընթացին։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել էր աֆրիկյան վեց երկրներ ռուսական հացահատիկի մատակարարման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Նախագահի խոսքով՝ Մոսկվան պատրաստ էր անվճար իրականացնել այդ մատակարարումները։